Փաշինյանի «ատամը չի կտրո՞ւմ» ապամոնտաժել նախկինների սևանյան դղյակներն ու օբյեկտները


Փաշինյանի «ատամը չի կտրո՞ւմ» ապամոնտաժել նախկինների սևանյան դղյակներն ու օբյեկտները
Հունիս 22 21:42 2022

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը սուր կերպով դրվեց նախորդ տարի, երբ իշխանությունները հայտարարեցին՝ Սևանի ափը զավթած նախկին պաշտոնյաների, օլիգարխների ապօրինի օբյեկտները ապամոնտաժելու իրենց պատրաստակամության մասին: Սակայն մեկ տարի անց հասկանալի է դառնում, որ շատ ազդեցիկ օլիգարխներ և պաշտոնյաներ Սևանի ափին ամառանոցներ ունեն, և իշխանությունների՝ այսպես ասած «ատամը չի կտրում» նրանց պատկանող շինությունները ևս ապամոնտաժել:

 

 

Դիցուք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կառուցած ամառանոցը ևս 1905 մետրից ցածր է։ Հատկանշական է, որ առանձնատներ տանող ճանապարհը երկու կողմից շրջափակված է ջրով։ Իսկ հետնամասում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տնակների մի մասը, լճի մակարդակի բարձրացման հետևանքով, հայտնվել է ջրում։ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մաս կազմող մի շարք կառույցներ ևս ապօրինի են և կառուցվել են սահմանված նիշից ցածր (1901.22 մետր)։

 

Արգելված հատվածում կառուցված երկու քոթեջ ունի նաև «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը։ Հյուրանոցի սեփականատեր «Արթ բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնետերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանն է։ Ըստ Սևանի ազգային պարկի կազմած ցուցակի` Սևանի ափամերձ տարածքում ապօրինի կառույցներ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Կամոյի Փամբուկյանը: Սեւանի ափին տարածք ունեն նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը եւ իր որդին` Արսեն Հարությունյանը: Հայր ու որդի Հարությունյանները 2005-ի նույն օրն են տիրացել 1 եւ 0,5 հա տարածքների:

 

 

Դեռևս ընդդիմադիր Լենա Նազարյանը, խոսելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի առանձնատան մասին, որ կառուցված է Սեւանի ափին՝ Շորժայի մոտակայքում, պահանջում էր այն ապամոնտաժել: Նազարյանը բողոքում էր, որ այն կառուցված է թույլատրելի նիշից՝ 1903 մետրից ցածր, այն դեպքում, երբ Սեւանի ափին արգելված է կառուցել այդ նիշից ցածր որեւէ բան՝ թողնելով տարածությունը լճի մակարդակը բարձրացնելու համար:

 

Իշխան Զաքարյանը 2009 թվականին ՎՊ զեկույցը ներկայացնելիս հայտարարել էր, որ Սեւանի քաղաքապետարանը թույլատրելի նվազագույն նիշից ցածր՝ 1902 մետրի վրա վարձակալությամբ տարածք է տրամադրել գործարար Արայիկ Հայրապետյանին, որ հայտնի էր Լավանդայի Արայիկ անունով:

 

Մեկ տարի առաջ  Նիկոլ Փաշինյանը «Սևան ազգային պարկի» տնօրենին հանձնարարել էր առանձնատների վերաբերյալ տեղեկություն տրամադրել, ասել էր՝ դրանց մի մասով իրավապահները կզբաղվեն: Վարչապետը ազգային պարկի տնօրենին հանձարարել է հատ-առ հատ վերանայել նաև Սևանա ափամերձ տարածքների վարձակալության պայմանագրերը: Ասաց՝ դրանք վարձակալության են հանձնվել հիմնականում ծիծաղելի գներով: Այսօր, սակայն, մենք ունենք մի իրավիճակ, երբ կան նաև դեպքեր, երբ ոչ միայն չեն ապամոնտաժվել, այլև տարածքում կառուցապատում իրականացրած անձինք են դիմել դատարան՝ փոխհատուցում պահանջելով պետությունից։ Ահա այսպես է Նիկոլ Փաշինյանը Սևանը ազատագրում նախկին պաշտոնյաների ապօրինի օբյեկտներից: Եթե դրանք ապօրինի չէին, ապա ինչո՞ւ էր Փաշինյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները զրպարտում, եթե ապօրինի էին, ապա ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է որոշվել ձեռք չտալ վերը նշված անձանց օբյեկտներին...