Թշնամին 800 մետրի վրա էր. հոսպիտալից տարհանվում էինք, միաժամանակ «Թութակներից» վիրավորներ ընդունում․ Բժիշկ, ազատամարտիկի հուշերը՝ պատերազմից


Թշնամին 800 մետրի վրա էր. հոսպիտալից տարհանվում էինք, միաժամանակ «Թութակներից» վիրավորներ ընդունում․ Բժիշկ, ազատամարտիկի հուշերը՝ պատերազմից
Հոկտեմբեր 16 22:54 2021

2020-ի սեպտեմբերի 27-ին բժիշկ Տոնոյանը հրաժեշտ տվեց ընկերներին, հավաքեց բժշկական իրերն ու ուղևորվեց Արցախ։

Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախում սպիտակ բանակի զինվորներն անում էին հնարավորն ու անհնարը, որ կյանքեր փրկեն։ Արցախյան երեք պատերազմներին մասնակցած բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ասում է` դաժան էր պատերազմը։ Առավել դժվար էր, երբ թշնամին ռմբակոծում էր, թիրախավորում ու ստիպված էին լինում պարբերաբար՝ զինվորների կյանքը չվտանգելու համար տեղափոխվել այլ բնակավայրեր։

Տոնոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ լուրը լսելուն պես ընտրել էր իր ուղղությունը, որտեղ եղել էր նաև առաջին պատերազմի ժամանակ, Հադրութ՝ ֆիզուլու ռազմադաշտային հոսպիտալ։

«Չգիտեինք՝ հարձակման ուղղությունը կփոխվի, թե ոչ։ Բուժծառայության պետին զանգահարեցի։ Նա ասաց, որ լավ կլինի գնանք Ջաբրայիլ։ Խնձորեսկից բաժանվեցինք երկու խմբի, քանի որ Հադրութում կա քաղաքացիական հիվանդանոց, բայց ոչ ռազմական։ Ջաբրայիլում հնարավորությունները լավ գիտեի, թե ինչ քանակի վիրավորներրի կարող են սպասարկել։ Կարգավորել էր պետք. մի խումբը ուղևորվեց Ջաբրայիլ, մյուսը՝ Հադրութ։ Ջաբրայիլում արդեն իրավիճակին ամբողջությամբ ծանոթացանք, բժիշկների հնարավորությունը պատկերացրեցի, անցանք մեր ծառայությանը»,- զրույցի ընթացքում ասել է Տոնոյանը։

Ցավոք չհաջողվեց այնտեղ երկար մնալ, որովհետև դեպքերի բերումով թշնամին մոտենում էր և թիկունքային հոսպիտալ պահելը անհնար էր դառնում ՝ռումբերի տակ, որտեղ չկային ապաստարաններ։ Բժիշկը կարծում է, որ պետք էր վաղուց ունենալ ապաստարաններ հոսպիտալների համար, որպեսզի շտապգնության մեքենաները կարողանային մտնել բունկերներ։ Հենց այս ժամանակ եղել են դեպքեր, երբ վիրավորներին իջեցնելն էլ ապահով չէր՝ ռումբերի տակ էին իջեցնում։

Ջաբրայիլից ուղղությունը բռնել էին դեպի Հադրութ։ Հոկտեմբերի 5-ից այստեղ ևս ռմբակոծվում էր՝ սմերչով ու ԱԹՍ-ներով։
«Հատուկենտ քաղաքացիական բուժքույրեր լքել, դուրս էին եկել առանց տեղյակ պահելու։ Մնացածը մնացել են մինչև վերջ՝ հիվանդների հետ։ Հոկտեմբերի 5-ի գիշերը անհնար էր բուժօգնություն տրամադրել։ Հադրութ եկող ճանապարհը գրեթե փակվել էր։ Վիրավորների տեղափոխման ուղղությունը փոխվում էր դեպի Ազոխ և Դրախտիկ գյուղեր՝ Տող գյուղի տակ։ Առանց աշխատանքը ընդհատելու մի խումբ գնաց Ազոխի դպրոց՝ հոսպիտալ կարգավորելու համար, որտեղ աշխատեցինք մեկ շաբաթ, բայց այնտեղ էլ անհնար դարձավ։ Տառացիորեն մեկ կմ-ի վրա էր թշնամին»,- ասել է բժիշկ, ազատամարտիկը։

Հադրութում՝ Թութակներում անհնար էր դարձել պաշտպանությունը, բայց մինչև վերջ բժիշկները մնացին։ Պատասխանատվությունը եղել է Տոնոյանինն ու Երեմյան Արայիկինը։ Վրջիններս անձնուրաց, հնարավոր վերջին պահը պահեցին հոսպիտալը, մինչև հրաման ստացան հետ քաշվել։

«Անիմաստ ու վտանգավոր էր այնտեղ մնալը։ Մինչև վերջ մնացինք. վիրավորներ ու դիեր կային։ Պետք է դուրս գայինք՝ փոքրաթիվ մարդկանցով էինք ու վիրավորների մեծ խմբաքանակ սկսեց գալ։ Թութակներում մեծ կորուստներ էինք ունեցել։ Մենք ողջ գիշեր աշխատեցինք, տարհանում կազմակերպեցինք ու հաջորդ օրը առավոտյան տեղափոխվեցինք Ստեփանակերտ»։

Ստեփանակերտի հոսպիտալը աշխատել է գերծանրաբեռնված, մանավանդ որ դաշտային հոսպիտալներից հոսքը տեղափոխվում էր այնտեղ։ Բժիշկները աշխատում էին 24 ժամ։ Քաղաքացիական բժշկությունը ևս օգնության էր հասել։ Կամավորները նույնպես անձնուրաց աշխատել են, սակայն նրանցից շատերը, ցավոք, ևս պատերազմի զոհ դարձան։

«Թեթև վիրահատությունները քիչ էին լինում։ Մի օրում 20-30 վիրահատություն չէր կարող լինել։ Լուրջ վիրահատությունը տևում էր մինիմում 2-5 ժամ։ Մեծ մասը պոլիօրգան վնասվածքներով էին՝ թոք, լյարդ, աղիներ, երիկամ, գլխուղեղ»,- պատմել է Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում



loading...