«Եթե այնտեղ լինեիք՝ կզգայիք աղոթական վիճակը». Աբրահամ Սրբազանը կոչ է անում չկենտրոնանալ պատարագից Վեհափառ Հայրապետի անունը զեղչելու վրա


«Եթե այնտեղ լինեիք՝ կզգայիք աղոթական վիճակը». Աբրահամ Սրբազանը կոչ է անում չկենտրոնանալ պատարագից Վեհափառ Հայրապետի անունը զեղչելու վրա
Նոյեմբեր 17 16:35 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեկ մասնակցում էր Սուրբ և անմահ պատարագի, որը մատուցում է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։

Պատարագին իր օրհնությունն էր բերել նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։

Պատարագի ժամանակ Տեր Հովհաննեսը զեղչել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Աբրահամ Սրբազանից հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ էր իր համար, որ պատարագի ժամանակ միտումնավոր զեղչվեց Վեհափառ Հայրապետի անունը:

«Կարծում եմ՝ այդ պահին ինչ-որ մի բան եղավ, բայց ամեն ինչ նորմալ է անցել, կարծում եմ՝ պետք է խոսել դրական վիճակի մասին, ոչ թե  որոնել, թե բացասական ինչ կարող եք գտնել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Սրբազանը։

Սրբազան Հորից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր դրականը՝ արձագանքեց. «Եթե այնտեղ լինեիք՝ կզգայիք աղոթական վիճակը, պատարագն անցավ հանգիստ, առանց միջադեպի»։

Աբրահամ Սրբազանը չպատասխանեց՝ իր համար ընդունելի՞ է եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը, ասաց, թե այս հարցին պատասխանում է միայն ժողովների ժամանակ։

«Սխալ է, որ ամեն հոգևորական իր կարծիքը հայտնի ու երբեմն տարբերվեն այդ կարծիքները, այդ տեսակ հարցերը քննարկվում են ժողովի ժամանակ, ոչ թե անհատական հարցազրույցներում, սխալ է, որ նման հարցրազրույցներ են լինում»,- ասաց Վայոց ձորի թեմի առաջնորդը։