Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
Նա նշեց, որ սեփականության իրավունքների խախտման որևէ փաստ չունեն, մինչև Կարապետյանի հայտնի հայտարարությունը։
«Սակայն պետք է նշեմ, որ չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որը ՀՀ-ին պարտավորեցրել է այսպիսի որոշում չկատարել։ Ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության։ Մենք պատրաստ ենք կրելու բիզնեսի հետևանքները մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Շատերն են ասում, թե հայ գործարարները միայն գումար աշխատելու համար են, սակայն շատ գործարարներ, ձեռներեցներ ունեն գաղափարական մեծ հենք և պատրաստ են բոլոր ճնշումներին, ֆինանսական կորուստներին՝ միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար»,-հավելեց նա։
Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Կարապետյան ընտանիքը պետք է շնորհակալություն հայտնի իրեն, քանի որ ՀԷՑ-ում մեծ խնայողություններ է արել՝ Նարեկ Կարապետյանը նշեց. «Եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ ու արդյունքներ են եղել, սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել նրան, որ Հայաստանում սեփականության իրավունքը ոտնահարվի»։










