Փաշինյանն ու Ալիեւը՝ ընդդեմ հայկական բանակի. «168 ժամ»


Փաշինյանն ու Ալիեւը՝ ընդդեմ հայկական բանակի. «168 ժամ»
Ապրիլ 20 09:06 2021

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է հարեւանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության, խաղաղության մասին։ Առաջին հայացքից անմեղ ու անվտանգ այս հայտարարությունների տակ թաքնված են այլ նպատակներ, որոնք բացահայտվում են իշխանության զանազան խոսնակների ու Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարությունների արդյունքում։

Արդեն առանց ձեւականությունների հայտարարվում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել, բանակը հեղինակազրկվում ու վարկաբեկվում է բոլոր հնարավոր մեթոդներով։ Եվ դրանից հետո հնչում է Նիկոլ Փաշինյանի «հարեւանցի» հայտարարությունն այն մասին, որ կա գաղափար՝ բանակում ծառայությունը դարձնել 5 տարին մեկ անգամ, ընդամենը երեք ամսով։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նախընտրական կաշառք է՝ ընտրություններից առաջ հայտարարվում է, որ իրենց ընտրելու դեպքում ձեր երեխաներն այլեւս բանակում չեն ծառայելու կամ գրեթե չեն ծառայելու։ Սակայն, եթե անգամ այս խայծն օգտագործվելու է նախընտրական նպատակներով, իսկ այն օգտագործվելու է, իրականում այդ հայտարարությունն ունի ավելի հեռահար նպատակ՝ վերջնականապես կազմաքանդել բանակը։ Այսինքն՝ մի կողմից՝ հայտարարվում է, որ մենք բանակ չենք ունեցել, մյուս կողմից՝ հռչակվում է բարեփոխումների անվան տակ բանակը վերացնելու մտադրություն։ Ահա այստեղ է երեւակվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունն ու պատճառահետեւանքային կապը․ նա ասում է, թե պետք է փոխել թշնամիների նկատմամբ վերաբերմունքն այնպես ու այնքան, որ թշնամի այլեւս չունենանք։ Իսկ եթե չկան թշնամիներ, չկա նաեւ բանակ ունենալու անհրաժեշտություն։

Սա, իհարկե, պարզունակ, մակերեսային  եւ պետական մտածողության հետ որեւէ աղերս չունեցող տրամաբանություն է, բայց բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել խորիմաստությամբ ու շրջահայացությամբ։ Տարածաշրջանում, որում գտնվում է Հայաստանը, լայն իմաստով կա գոյության երկու մոդել՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ՝ ժամանակակից ու մարտունակ զինված ուժերով, եւ դրանով խաղաղություն պարտադրել թշնամական տրամադրվածություն ունեցող հարեւաններին, եւ երկրորդը՝ հանձնվել, հայտարարել, որ մենք այլեւս թշնամիներ չունենք, եւ հրաժարվել սեփական բանակ ունենալու գաղափարից՝ անվտանգության ապահովումը այնքանով, որքանով՝ վերապահելով երրորդ որեւէ երկրի, այս պահին՝ Ռուսաստանին։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է երկրորդ մոդելը, որն իրականում ոչ միայն բանակ, այլ նաեւ պետություն չունենալու մոդել է, քանի որ առանց զինված ուժերի կամ Նիկոլ Փաշինյանի առաջարկած զինված ուժերով պետությունը լինելու է բուտաֆորիա, ձեւականություն, եթե լինելու է ընդհանրապես։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջարկում է գեղեցիկ ձեւակերպումների անվան տակ իրականում վերացնել հայկական բանակը։ Ի դեպ, հայկական բանակի դեմ ձեւակերպումների տարբերությամբ, բայց նույն բովանդակությամբ ամեն առիթով խոսում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայկական բանակի գոյության, ավելի ճիշտ՝ չգոյության մասին նրա եւ Նիկոլ Փաշինյանի տեսլականները համընկնում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...