Վտանգավորը ոչ թե ադրբեջանական կողմի հայտարարություններն են, այլ նրանք, թե Շուշին ու Քարվաճառը հայկական չեն, Ցեղասպանության ճանաչումն անիմաստ է. Բաբայան


Վտանգավորը ոչ թե ադրբեջանական կողմի հայտարարություններն են, այլ նրանք, թե Շուշին ու Քարվաճառը հայկական չեն, Ցեղասպանության ճանաչումն անիմաստ է. Բաբայան
Ապրիլ 7 18:15 2021

Բաքուն փորձում է դեստրուկցիա մտցնել Արցախի քաղաքական դաշտում, որպեսզի մարդիկ մտածեն, թե հասարակության մեջքի հետևում ինչ-որ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից հայտարարություններից առավել վտանգավոր են հայկական իրականության մեջ հնչող դիտարկումները, թե Շուշին և Քարվաճառը համարում են ադրբեջանական, իսկ հայ ցեղասպանության ճանաչումը անիմաստ:

Ինչպես արդեն հայտնի է, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ, պատգամավոր Թուրալ Գանջալիևը նախօրեին հայտարարել էր, թե շուտով իր գրասենյակը գործելու է Ստեփանակերտում, հիմա, արդեն, գրասենյակի համար հարմար տարածք է փնտրում:

«Հայտարարությունն ինքնին ցնդաբանություն էր, սակայն հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ունի շատ հարուստ աշխարհաքաղաքական պայքարի փորձ, մենք չպետք է այս հայտարարությունը ընկալենք պարզապես որպես անհեթեթություն, կամ պարզապես ադրբեջանական «քաղաքական գործչի» անկապ հայտարարություն, - «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է ցույց տալ իր ռազմաքաղաքական մի շարք նպատակները:

«Նախ և առաջ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի հրաժարվում Արցախից, ցույց է տալիս իր նկրտումները, ցուցադրում իր ագրեսիվ ծրագրերը: Նրանք նաև փորձում են նման հայտարարություններով վհատություն սերմանել Արցախի հասարակության մեջ, ներքաղաքական լարվածություն ստեղծել քաղաքացիների մոտ, որովհետև մեր քաղաքական դաշտը հիմա լարված է, և որոշ մարդիկ դա կարող են օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ ստանալու տարբերակ՝ վատ իմաստով», - ասել է Արցախի հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։

Դ.Բաբայանի խոսքերով՝ նման քայլերով Բաքուն փորձում է դեստրուկցիա մտցնել Արցախի քաղաքական դաշտում, որպեսզի մարդիկ մտածեն, թե հասարակության մեջքի հետևում ինչ-որ պայմանավորվածություններ կան՝ ադրբեջանական կողմի հետ, ինչը, իհարկե, այդպես չէ:

«Մյուս նպատակն է խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ Նման հայտարարություններով, այդ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարը, հարվածում է հայ-ռուսական հարաբերությունների, փորձում սեպ խրել մեր մեջ՝ ցույց տալ, թե, իբր, ռուսները տեղյակ են մեր պլաններից և դրա համար ենք այսպիսի հայտարարություններ են անում, ինչը, իհարկե, այդպես չէ»,- նշել է նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ այս անիմաստ հայտարարությունն ունի հոգեբանական, ներքաղաքական նպատակներ, ինչը հայկական կողմի համար պարզ է, հասկանալի է, եւ նման բան առհասարակ չի կարող լինել, սակայն նաև մենք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունեն: «Բայց ավելի վտանգավոր են ոչ թե նման հայտարարությունները, այլ այն հայտարարությունները, որոնցում Շուշին և Քարվաճառը համարում են ադրբեջանական, իսկ հայոց ցեղասպանության ճանաչումը անիմաստ: Դրանք են մեր բուն վտանգները», - շեշտել է Արցախի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ Շուշին հայկական քաղաք լինելու փաստը փորձել է կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա խորհրդարանական հենարանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հ.Աղազարյանը հայտարարել է, թե ինչ կտա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ով է Քարվաճառը համարել հայկական։

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո



loading...