Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել են նախընտրական շրջանում պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Նիկոլ Փաշինյանն իհարկե չի կարող հայտարարել, թե ոչ մի պատերազմի ռիսկ էլ չի եղել, այլ ընդամենը եղել է նախընտրական պարզունակ շանտաժ: Դրա համար էլ նա պետք է գտնի ինչ որ բացատրություն, ու գտել է՝ Հաջիեւի այցը Դիլիջան: Այնպես, ինչպես ութ միլիարդ պետական պարտքի ավելացման թեմայով նա գտավ «բացատրություն», թե՝ զենք ենք առել: Այն դեպքում, երբ գործնականում բոլոր հաստատված տվյալներով, Հայաստանը այս ընթացքոմ կատարել է հազիվ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական գնում:
Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով «բացատրում» է ոչ միայն պատերազմի պարզունակ շանտաժը՝ կառավարելու ինչ որ բարդ աշխատանքով, այլ նաեւ՝ Հաջիեւի այցը ինքնին: Որովհետեւ այցն ըստ ամենայնի եղել է շատ բարդ, ինչի վկայությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը:
Ամբողջ հարցն այն է, որ նախընտական շանտաժը հասարակության դեմ, որ իրականացնում էր Փաշինյանը, ըստ ամենայնի հետընտրական շրջանում նրա դեմ է շրջում Բաքուն: Նախընտրական շանտաժով Փաշինյանը բացեց այդ թեմայի Պանդորայի արկղը, եւ հիմա արկղի պարունակությունը Ադրբեջանն ըստ երեւույթին օգտագործում է արդեն Փաշինյանի դեմ:
Շաբաթներ, ամիսներ շարունակ հենց այս վտանգավոր փակուղիների մասին է, որ խոսում էի, փորձում բացատրել, պարզաբանել, ներկայացնել ընտրողներին, մատնանշելով ներկայումս վարվող քաղաքականության եւ դրա առաջնորդող ուժի իշխանության պահպանման խիստ վտանգավորությունը»,-գրել է նա։
Նախընտրական շանտшժով Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը․ հիմա դա Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ․ Հակոբ Բադալյան










