Դեկտեմբերի 19-ին Ճապոնիայի Կոբե քաղաքի կենտրոնում կբացվի մեկօրյա «Պուտին», հայտնում է eadaily.comլրատվական գործակալությունը՝ հղում տալով ճապոնական Yahoo News Japan ինտերնետային պորտալին:
Ըստ լրատվականի՝ բոլորին, ովքեր հետաքրքրված են Ռուսաստանով և ովքեր ցանկանում են խոսել այդ երկրի մասին, սպասում են «Պուտին» սրճարանում:
«Ենթադրվում է, որ իրավիճակն ամենաբարենպաստն է: Կազմակերպիչները կցանկանային հյուրերի թվում տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բայց պետք է անկեղծ լինել. Ռուսաստանի նախագահի սրճարան այցը դեռ օրակարգում չէ»,- գրված է ինտերնետային պորտալում:
Միջոցառման նախաձեռնողը տեղի բնակիչ Մայ Կոյկեն է, ով 6 տարի առաջ առաջին անգամ այցելել է Ռուսաստան և ռուս ժողովրդի ջերմ վերաբերմունքի արդյունքում որոշել է ամեն տարի լինել Ռուսաստանում:
Տիկին Կոյկեն նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված այս տարի չի կարողացել այցելել Ռուսաստանի Դաշնություն և փոխարենը որոշել է ռուսական միջոցառում կազմակերպել իր քաղաքում: Միջոցառման համար ընտրվել է Մոտոմաչի առևտրի փողոցում գտնվող մի փոքր ռեստորան, որը մասնագիտացված է աշխարհի տարբեր ազգերի խոհանոցների ուղղությամբ:
Այցելուներին գրավելու համար կազմակերպիչները թույլ են տվել իրենց հետ ուտեստներ տանել, քանի որ միջոցառման նպատակը ո՛չ թե շահույթն է, այլ ռուսական մթնոլորտ ստեղծելը:
«Թող մեզ մոտ գան բոլոր նրանք, ովքեր երբևէ եղել են Ռուսաստանում, հետաքրքրված են այդ երկրով, համակրում կամ քննադատում են Պուտինին» – ասել է Մայ Կոյկեն:
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության տարածման արագությունը ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ: Կազմակերպիչներն իրենց միջոցառումն անվանել են «Պուտին-սրճարան. Կոբե 2020»:










