Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը


Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը
Նոյեմբեր 24 20:49 2020

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Պետքարտուղարի տեղակալ Բիգանը ողջունել է Այվազյանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում և հույս հայտնել ԱՄՆ-Հայաստան հետագա սերտ համագործակցության համար: Նրանք քննարկել են տարածաշրջանին ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուրջ տարվող ջանքերին առնչվող հարցեր»,- ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: