Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը


Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը
Հուլիս 4 16:12 2020

Միջազգային հեղինակավոր The Washington PostThe New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով անդրադարձ են կատարել երեկ հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը:

Մասնավորապես, նշվում է, որ ուրբաթ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը:

Անդրադառնալով «ԱրմՆյուզ» ՀԸ ոստիկանների այցելությանը և վարչական վարույթի հարուցմանը՝ ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որը հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- ասել է Սամվել Ֆարմանյանը։ 

Ամերիկյան լրատվականները նաև նշում են, որ երկու հեռուստաալիքները, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի պատասխան գործողություններին և տնտեսական քաղաքականությանը, քննադատել են վերջինիս վարած քաղաքականությունը։

Լրատվամիջոցները նշում են, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «ԱրմՆյուզ»-ի ղեկավարները նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։

Ամերիկյան հեղինակավոր լրատվականները նաև հիշեցրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է լրագրող։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: «Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու «ԱրմՆյուզ»-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատությանն ու խոսքի ազատությանը խոչընդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- հայտնել էր Ֆարմանյանը: Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: Նա շեշտել է, որ չկա որևէ իրավական հիմք, որով հաղորդավարները, եթե սոցիալական հեռավորություն են պահպանում, ապա այդ դեպքում ևս պարտավոր են դիմակ կրել: Հիշեցնենք, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն օրերս հայտարարել էր, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։

Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել են միջազգային տասնյակ այլ լրատվամիջոցներ ևս:



loading...