«Այս վախկոտ փոքրիկ խմբակը շարունակում է փորձել հետապնդումներով ճնշել, վախեցնել մեզ, ու դրա հերթական դրսևորումն այսօր Նիկոլ Փաշինյանի սրտի ԿԸՀ-ի կայացրած որոշումն է»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ղահրամանյանն այդ որոշումը որակեց «ակնհայտ ապօրինի, խայտառակ հերթական որոշում»՝ պնդելով, որ իշխանության հրահանգով են գործում այն մարմինները, որոնք, ըստ նրա, պետք է անկախ լինեն։
«ԿԸՀ-ն ընդհանրապես նման լիազորություն չունի, որովհետև արդեն երեկվանից, երբ բաշխվեցին պատգամավորական մանդատները, Նարեկ Կարապետյանը ունի անձեռնմխելիություն, և նրան այդ անձեռնմխելիությունից զրկող մարմինը Վահագն Հովակիմյանը չէ։ Ի դեպ, ԿԸՀ-ն այս քայլով հակասեց իր իսկ կայացրած որոշմանը»,- ասաց նա։
Ղահրամանյանը կատարվածը ներկայացրեց որպես իշխանության կողմից իրականացվող քաղաքական ճնշումների հերթական դրսևորում՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան»-ն ու Նարեկ Կարապետյանը շարունակում են աշխատել քաղաքացիների հետ։
«Դուք տեսնում եք, թե «Ուժեղ Հայաստան»-ը և Նարեկ Կարապետյանը ինչով են զբաղված։ Մենք գյուղեր ենք այցելում, մեր ընտրողներին, քաղաքացիներին ենք տեսնում, լսում ենք նրանց խնդիրները, լուծումներ ենք տալիս, իսկ փոքրիկ խմբակը զբաղված է նրանով, ինչով զբաղված է այս ութ տարիներին՝ քաղաքական հետապնդումներով, քրեական գործիքակազմ կիրառելով»,- նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։
Նա հավելեց, որ իրենց հնարավոր ճնշումներով չեն կարող վախեցնել։
«Բայց, իհարկե, նրանք չգիտեն, որ մենք վախեցողներից չենք»,- եզրափակեց Մարիաննա Ղահրամանյանը։










