Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վիրավորների ինքնությունը։










