Անգամ ցածր շրջանառության ցուցանիշ ունենալով՝ ռեստորանները պատրաստ են աշխատել


Անգամ ցածր շրջանառության ցուցանիշ ունենալով՝ ռեստորանները պատրաստ են աշխատել
Հունիս 2 00:17 2020

Ռեստորանային ոլորտում շրջանառութունը մոտ 20-30% է: Սա ցածր ցուցանիշ, է և նման իրավիճակում գումար աշխատելու մասին խոսք չի գնում: Յուրաքանչյուր գործատուի համար հիմա կարևոր է շրջանառությունը բերել այնպիսի մակարդակի, որ հնարավոր լինի ծախսերը հոգալ և աշխատողներին աշխատավարձ տալ, որպեսզի սոցիալական վիճակը չծանրանա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հասարակական սննդի ոլորտի փորձագետ, ռեստորանատեր Աշոտ Բարսեղյանը:

 
 
 
 

«Ոլորտի աշխատողները մեծապես դժգոհություններ չունեն, նրանց համար ստուգումները, ինչպես նաև սահմանված կանոններին հետևելը խնդիր չէ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ ստուգողներն անհեթեթ դիտողություններ են անում, բայց դրանք մասնավոր դեպքեր են: Հիմնականում դժգոհություններ չկան: Նույնիսկ այն դեպքում, երբ ստուգումների արդյունքում որոշ ռեստորաններ ժամանակավոր փակվում են, ոչ ոք չի դժգոհում, գործատուները մեծապես հասկանում են, թե ինչի համար է արվում այդ ամենը, և բոլոր գործատուները պետք է կարողանան պահպանել անվտանգության նորմերը»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ այս ընթացքում մի քանի ռեստորաններ, սրճարաններ հիմովին փակվել, են կան նաև այնպիսիք, որոնք սահմանափակումների նվազեցումից հետո չեն վերսկսել աշխատել. «Վստահ եմ՝ դեռ կլինեն ռեստորաններ, որոնք կփակվեն: Այս տնտեսական ճգնաժամը շատերին չի խնայի, և թույլերը կփակվեն: Շրջանառությունը չի վերականգնվել,  շրջանառության մակարդակը ցածր է, և այս պարագայում բոլորը չէ, որ կդիմանան: Մոտավոր հաշվարկներով, ոլորտի գործատուների մոտ 30 տոկոսը չի հաղթահարի այս վիճակը»:

Բարսեղյանի հավաստմամբ, ոլորտի գործատուների մեծ մասը խուսափում է կրճատումներ անել, հետևաբար աշխատակիցների համար մշակել են որոշակի հերթափոխ, որպեսզի կարողանան բոլորին աշխատանքով ապահովել:

«Ցավոք, պետությունը համարժեք քայլեր այդպես էլ չձեռնարկեց ոլորտը փրկելու համար: Ստեղծված պայմաններում պետությունը աշխատակիցների սոցիալական պատասխանատվության հիմնական կրողն է և պարտավոր է գոնե մինիմալ աջակցություն ցուցաբերել: Իսկ գործատուների համար պետությունը կարող էր հարկերը, տուրքերը չեղարկել»,- նշեց նա:

Փորձագետը, ամփոփելով զրույցն, ասաց, որ գործատուները պատրաստ են պահպանել անվտանգության ցանկացած նորմ, սանիտարական պայման, որպեսզի կարողանան աշխատել. «Եթե այսպես շարունակվի, 2-3 ամսում կկանգնեք խայտառակ տնտեսական վիճակի առջև: Եվ  այս ամենով հանդերձ՝ գործատուները պատրաստ են  աշխատել, հարմարվել, շարունակել տնտեսական գործունեությունը»:

Lurer.com



loading...