Կապանում այդ սարսափելի վիճակը ուղղակի անթուլատրելի հանցագործ վերաբերմունք է. Սիլվա Ադամյան


Կապանում այդ սարսափելի վիճակը ուղղակի անթուլատրելի հանցագործ վերաբերմունք է. Սիլվա Ադամյան
Հունիս 16 19:17 2026

Հունիսի 14-ին Կապանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Կավարտի լքված հանքից սելավաջրերը ողողեցին քաղաքի տների բակերը և փողոցները։ Հանքավայրի լքված տարածքը և պոչամբարը հարուստ են մարդկանց առողջության համար ծայրահեղ վտանգավոր ծանր մետաղներով, որոնցով հագեցած անձրևաջրերի հոսքերը ֆիքսած տեսանյութերը ողողեցին համացանցը։ Դեռ խորհրդային տարիներին լթված այս հանքի խնդիրը նոր չէ, դրա մասին արդեն 30 տարի է բարձրաձայնում են բնապահպանները և ոլորտի մասնագետ-գիտնականները։ Հանքի հորաններում կա նաև բնական աղբյուր, որն անընդհատ լվացնելով հանքախորշերի վտանգավոր նյութերը դուրս է բերում այնտեղից, իսկ հորդառատ անձրևները դառնում են իսկական բնապահպանական աղետ։ Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Թռչունների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։

 

«Բանն այն է, որ Կապանի շրջակայքում բավականին մեծ  պոչամբարներ կան, որոնք իրենց ազդեցությունն են ունենում շրջակա միջավայրի վրա։ Դրանցից ամենամեծը Արծվանիկի պոչամբարն է, որտեղ ծանր մետաղներ կան՝ պղինձ, կապար, ցինկ, կադմիում և այլն։ Դրանք տարածվում են հողի և ջրերի մեջ, փոշու միջոցով էլ են տարածվում։ Կա նաև Գեղանուշի պոչամբարը, որը նախորդ դարի 60-ականներից շահագործվում է։ Մի անգամ էլ վերջինիս պատվարի վնասում էր եղել թեթև երկրաշարժի պատճառով և այդ  ամենը վնասակար է ազդում շրջապատի վրա։

 Ինչ է կատարվում Կավարտի դեպքում։ Հետազոտող խմբի հետ 4-5 տարի առաջ եղել եմ այդ լքված հանքավայրում։ Եթե տեսնեիք հորատանցքները, այդ ամենը՝ կմնաք զարմացած, որ 90 տարի շահագործված հանքավայրի մնացորդներն էդ վիճակում թողել են։ Էսքան տարի ոչ մի բան չի արվում և այդպես էլ մնացել է։

Հաշվարկներ են կատարվել, որ խնդիրը լուծելու համար շատ մեծ գումարներ են պետք, ես մեր գործընկերների հրապարակած թվին եմ ծանոթացել, որտեղ 1 մլրդ դոլարի մասին է խոսվում։

Այս հանքավայրը շահագործվել է դեռ 19-րդ դարից և երբ հանքանյութը վերջացել է, շահավետ չի եղել շահագործումը, լքվել է և այդպես մնացել է։

 Հետխորհրդային ժամանակահատվածում այդ հարցը բազմիցս է բարձրացվել, բնապահպանները բազմաթիվ անգամ նամակներով են դիմել, տարբեր ակցիաներ արել, ասուլիսներ հրավիրել։ Հիմավոր ուսումնասիրություններով դիմել են պատական ատյաններին, որպեսզի այդտեղ փող ներդրվի, ռեկուլտիվացիա արվի և այդ ամեն ինչը վերանա այդտեղից։

Սակայն, ինչպես տեսնում եք, սայլը տեղից չի շարժվել։ 30 տարի անընդմեջ խոսել նրա մասին, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել և խոսքը գնացել է կլիմայական փոփոխությունների հարթության վրա։ Դեռ 30 տարի առաջ և՛ մասնագետները, և՛ բնապահպանները զգուշացրելեն, որ մենք գնում ենք մի իրավիճակի, որտեղ լուրջ կլիմայական փոփոխություններ են լինելու, և չգիտենք թե այն ինչպես է անդրադառնալու ՀՀ-ի վրա, եթե լինեն ուժեղ երկրաշարժեր, այնպիսի ջրառատ տարիներ, ինչպիսին այս տարին է։ Արդեն այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հյաստանում գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ կապված, ինչը և կատարվեց Կապանում։

Ինչպես տեսանք ամբողջովին վարակված հողերը և ջրերը լցվեցին քաղաք։

Սա կանխատեսելի բան էր և բոլորը գիտեին սրա մասին։ Այնպես չէր, որ հանկարծակի ինչ-որ բան էր կատարվել, որը ոչ մեկը չէր կանխատեսում, ոչ մեկը չգիտեր։ Լինում են նման իրավիճակներ, երբ կանխատեսելի չէ, բայց այս իրավիճակը դա չէր։

Հետևաբար, քանի տարի է դրա մասին խոսվում է և ոչինչ չի արվում, եկանք հասանք կառավարության փոփոխությանը՝ էլի նույն իրավիճակը։

Մեր փորձագետների կողմից մշակված տվյալները տվել ենք պետական մարմիններին։ Սովորական մարդիկ չէին, բնապահպաններ չէին, որ տվյալներ էին հավաքում Կավարտի հանքավայրի և նրա պոչամբարի հետ կապված, այլ մասնագետներ, գիտնականներ, որոնք գիտության վրա հիմնված տվյալներ, հիմնավորված հանձնել են պետական ատյաններին, բայց ոչ մի բան չի արվել։ Այսօր, որ այդ սարսափելի վիճակը մենք տեսանք, սա ուղղակի անթուլատրելի հանցագործ վերաբերմունք է շրջակա միկջավայրի և մարդկանց առողջության հանդեպ»,- ասաց Սիլվա Ադամյանը։