Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ


Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ
Սեպտեմբեր 18 18:08 2019

BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում  սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի  և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի  գլխավորած պատվիրակությունների միջև: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության,  փորձի փոխանակման,  ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն  առաջարկել է  ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաև  ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան  վերապատրաստման դասընթացներ անցնել  իրենց ուսուցման կենտրոնում:

Այս համատեքստում Իգոր Արտեմևը ընդգծել է նաև իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու և պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝  ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում  խախտումներ տեղի ունենալու դեպքերում:

«Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքի միջոցով մենք  վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գևորգյանը:

Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաև պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: