«Ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը։ Պարտությունից հետո ստի, ցինիզմի, անորոշության ու ինքնախաբեություն հետևանքով ձևավորվել է բարոյականության «սուվերեն» հայկական միջավայր։ Հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզումը, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորումը պայմանավորում են մեր միջավայրը»,- նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում՝ այն վերնագրելով «Արհեստական բարոյականություն»։
Նա նշել է. «Վստահ եմ՝ սա մենք չենք, մեր բնական վիճակը սա չէ, այդ պատճառով էլ այսօրվա հայաստանյան մթնոլորտը կոչենք արհեստական բարոյականություն։ Սա ժամանակավոր հայի բարոյականություն է։ Բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ։
«Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրն օր օրի զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից։ Մեր միջավայրը գնում է անմարդկայնացման։ Այս մթնոլորտում ամեն ինչ թարս է ընկալվում, ամեն ինչ կեղծվում ու այլանդակվում է։
Մեր այսօրվա հայաստանյան արհեստական բարոյականությունը ունի մի քանի վառ հատկանիշ. ապրումակցման կրիտիկական ցածր շեմ, համընդհանուր ապատիայի մթնոլորտ և անձնական պատասխանատվության մերժում։
«Ժամանակավոր հայի» այս միջավայրը իր էությամբ անկանխատեսելի է. ամեն այլանդակություն սպասելի է, ամեն անհավանական հանրային և անհատական անկում սպասելի է։ Հավաքական ամոթի և հավաքական «ստոպ»-երի որևէ մեխանիզմ, ըստ էության, չի գործում։
Նախորդ հոդվածում գրել էի սոցիալական ամնեզիայի երևույթի մասին, երբ մեր հասարակությունը, տարբեր սերունդներ սկսում են «չհիշել» իրենք իրենց, սեփական և հավաքական անցած ճանապարհը։ Անհատական զրոյացման անսահմանափակ օրինակներ կան, երբ մարդիկ սկսում են կեղծել իրենք իրենց՝ լուսանկարների ջնջումից մինչև նախորդ կյանքի այլ դրսևորումներ։ Անձնական անվտանգության՝ մի դեպքում օբյեկտիվ, շատ այլ դեպքերում՝ աղավաղված ընկալումը մարդկանց ստիպում է իրարից դիստանցավորվել, խուսափել, ուրանալ։
Հասարակության մեջ առաջացել են արհեստական խավեր-սեգմենտներ՝ իրավիճակային, արհեստական, որոնք չպետք է լինեին և որոնք չկան նորմալ հասարակություններում։ Մեզ մոտ կան, և այդ սեգմենտները էական ազդեցություն են ունենում այսօրվա հանրային մթնոլորտի վրա՝ ստեղծելով մի քանի Հայաստաններ.
1. Կալանավորված Հայաստան
2. Հուսահատված, քանդված Հայաստան
3. Իրականությունից փախչող Հայաստան
4. Ծպտյալ Հայաստան
5. Ցինիկ Հայաստան
6. Հայաստան՝ առանց Հայաստանի
Ինչու եմ սա նշում, որովհետև հենց այս մթնոլորտո´ւմ ենք մենք կայացնելու բարդ ճակատագրական որոշումներ, որտեղ սխալվելու գինը աննկարագրելիորեն թանկ է։ Այս մթնոլորտում ենք անցկացնելու առաջիկա շատ բարդ ամիսները կամ գուցե տարիները։
Հաջորդիվ կփորձեմ տալ այս շերտերի նկարագրությունը և նրանց ազդեցությունը՝ ընդհանուր միջավայրի, մեր այլանդակ «արհեստական բարոյականության» ձևավորման վրա»։










