Սիրելի՛ հայրենակից, քեզանից փորձում են խլել քո համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը. Ընդդիմադիր համախմբումը հանդես եկավ հայտարարությամբ


Սիրելի՛ հայրենակից, քեզանից փորձում են խլել քո համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը. Ընդդիմադիր համախմբումը հանդես եկավ հայտարարությամբ
Նոյեմբեր 28 17:33 2026

Ընդդիմադիր համախմբումը հանդես է եկել Մասիսի քաղաքապետի ընդդիմադծու Դավիթ Համբաձումյանի շուրջ զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ.

«Սիրելի՛ հայրենակից, քեզանից փորձում են խլել քո համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը:

Ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։

Այս գործելաոճը կիրառվել է ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների ընթացքում և դրանց ավարտից հետո, ինչի հետևանքով այսօր ընդդիմադիր երեք առաջատար ուժերի ղեկավարները գտնվում են անազատության մեջ։

Այն ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ Արսեն Գևորգյանի դեպքում։

Ընդդիմադիր համախմբումը, հավատարիմ մնալով նոյեմբերի 5-ի հայտարարության «Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման» նպատակին,
արձանագրում է՝

Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Հրավիրում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։  

ՄԱՍԻՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Կոչ ենք անում բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի  ավտորիտար քայլերին»։