Արցախ Միությունը դատապարտում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերյալ։ Ըստ Ծառայության՝ իբր դա պահանջում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 և ISO 3166 ստանդարտները։
«Արցախ Միությունը ուսումնասիրել է հենց այդ ստանդարտները, ՀՀ օրենսդրությունը և միջազգային դատական ակտերը և հայտարարում է. ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը, հակասելով միջազգային ստանդարտներին ու դատական ակտերին, բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել։
Միջազգային ստանդարտները թույլ են տալիս նշել միայն բնակավայրը. ICAO 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կետի համաձայն՝ ծննդավայրի նշումն անձնագրում պարտադիր չէ։ Եթե այն նշվում է, կարող են նշվել ավանը, քաղաքը, արվարձանը և/կամ պետությունը։ ISO 3166-ը կոդավորման ստանդարտ է. այն որոշում է, թե ինչպես գրել պետության անվանումը, բայց չի պահանջում, որ այն անպայման գրվի անձնագրում։ ICAO-ն հատուկ նշում է, որ ծննդավայրը նշելիս թողարկող պետությունը պետք է հաշվի առնի տվյալ պետության կամ տարածքի հետ կապված զգայուն հանգամանքները։
Նախկին օրենքն ամբողջությամբ համապատասխանում էր այդ ստանդարտներին. Վիճակը փոխվել է 2026 թ. մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՕ-210-Ն օրենքով, որը սահմանում է միայն «ծննդյան վայրը՝ պետությունը», ուստի բնակավայրը նշելու հնարավորությունն այլևս չկա։ Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի։ Հետևաբար այն կարող է և պետք է շտկվի նույն օրենսդրի կողմից։
Ծննդյան պահի պետությունը Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող լինել. Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միության տարածքում, իսկ անկախության տարիներին ծնված անձանց ծննդյան վկայականներում գրվել է կա՛մ Հայաստանի Հանրապետություն, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Միջազգային իրավունքը բռնի տեղահանվածների ինքնության գրառումների մասին. Բռնի տեղահանված անձին պարտադրել իր փաստաթղթում նշել այն պետության անվանումը, որի գործողությունների հետևանքով նա լքել է իր ծննդավայրը, անհամաչափ միջամտություն է, երբ առկա են չեզոք և ստանդարտներին համապատասխանող այլընտրանքներ։
Արցախ Միության պահանջները.
ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին՝ հրատապ խմբագրել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և վերականգնել նախկին օրենքով գործող կարգավորումը՝ «ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ բնակավայրը)»։ Պետության նշումը չպետք է լինի պարտադիր։
Մինչև օրենքի փոփոխությունը՝ կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց համար, ովքեր դեմ են այդ գրառմանը, և «պետություն» դաշտը մեկնաբանել որպես ծննդյան պահի պետություն, որն արտացոլվել է տվյալ անձի ծննդյան վկայականում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ հրապարակել ICAO 9303-ի կամ ISO 3166-ի այն կոնկրետ դրույթը, որը, իր կարծիքով, արգելում է բնակավայրի նշումը, ինչպես նաև տվյալներ «բնակավայր» գրառմամբ անձնագրերի հետ կապված սահմանային խնդիրների մասին։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ գնահատել նոր կարգավորման համաչափությունը և դիմել Սահմանադրական դատարան։
Արցախ Միությունը կոչ է անում այն հայրենակիցներին, ովքեր դեմ են «Ադրբեջան» գրառմանը, կենսաչափական փաստաթղթի համար դիմելիս Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված վարչական ակտ։ Միությունը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձև և իրավական աջակցություն։
Արցախցիների ծննդավայրը նրանց ինքնության ու արժանապատվության մասն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է և կարող է հարգել այն՝ միաժամանակ մնալով լիովին համապատասխան միջազգային ստանդարտներին»,- նշված է հայտարարության մեջ։

.jpg)









