Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության 7 հասցեի հանրակացարանային շենքի բակում էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց վրդովմունքն էին ուղղում՝ ասելով, որ ինչ-որ կերպար, անցնելով բարոյականության բոլոր նորմերը, երեկ կեղծ տեղեկություններ է տարածել, որ հանրակացարանի բնակիչներից 1-2-ին, իբրև թե իրենց քաղաքական հայացքների համար ժամանակ են տվել այն լքելու
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ասում էին․«Երեկ իմացանք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասնակիցներից մեկը՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, տեղեկություն է տարածել, որ Աբովյանի քաղաքապետարանից պաշտոնյաները եկել են հանրակացարան և մարդկանցից 1 կամ 2 հոգու ասել են, որ պետք է հանրակացարանը լքեն, քանի որ իրենք դեմ են թեկնածուներից մեկին, տվյալ դեպքում՝ ներկայիս քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, և կողմ են մեկ այլ թեկնածուի։Ճիշտն ասած հերթական սուտն է, իրականությունից հեռու ստախոսություն, որին անգամ կնախանձեր «Փչան Թոդորոսը»։ Էստեղ են ասում՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին, իսկ այս դեպքում՝ այդ թեկնածու կոչեցյալը 7 երգ գիտի, 7-ն էլ «մուտիտի» մասին։Նախ այդ ամենը ոչ միայն մտացածին ու կեղծ լուր է, այլ նաև փորձում են հանրությանը մոլորեցնել, բայց չգիտեն որ Աբովյանի ճնշող մեծամասնությունը տարիների ընթացքում է տեսել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի աշխատանքը, որի շնորհիվ քաղաքն օր օրի ծաղկել ու շենացնել է, ու այս ընտրություններից հետո էլ ավելի է նա իր աշխատակազմով շենացնելու քաղաքը։ Բայց որոշ մարդիկ նման սուտ տեղեկություններ տարածելուց առաջ ցանկալի է հիշեն սովետական հայտնի «Հայելի» մուլտֆիլմը, ու եթե այդ սուտ տեղեկություններ տարածողը կանգնի հայելու առաջ, այն կբացականչի՝ բանսարկու է, խառնակիչ է և այլն։Մենք պահանջում ենք, որպեսզի նման զառանցանքներ այլևս չփորձեն մեր անունից տարածել, քանի որ մենք լավ գիտենք՝ ով ինչ է արել ու ինչ է անելու Աբովյանի զարգացման, Աբովյանի բնակիչների կյանքը բարելավելու համար, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն սնկի նման ի հայտ գան ու դատարկ ու սին խոստումներ տան»։










