Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար․ դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ


Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար․ դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ
Հոկտեմբեր 18 00:02 2026

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը․

«Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։

Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։

Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրանց նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը։

Ինչպե՞ս կարելի է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին՝ գտնվելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ, և միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրավունքը։

Արցախի հայության կապն իր հայրենի հողի, մշակույթի, պատմական բնակավայրերի և բնական ժառանգության հետ անքակտելի է։ Բռնի տեղահանումը ոչ միայն մարդու իրավունքների ծանր խախտում է, այլև սպառնալիք այդ ժառանգության պահպանությանը։

Հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Խաղաղությունը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետևանքների լեգիտիմացում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման գնով։

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը և ապահովել, որ Արցախի ժողովրդի իրավունքները չանտեսվեն միջազգային խաղաղության և բնապահպանական գործընթացներում։

Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար։

Ակնկալում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ հրապարակային դիրքորոշումն ու գործնական արձագանքը»։