Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի եկամուտները 4 տարում ահռելի աճ են գրանցել։ «Փաստինֆո»-ն ուսումնասիրել է նրա 2022 և 2025 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։
Վարչական շրջանի ղեկավարի հենց ներկայությամբ են քանդվել Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները, որոնց վարձակալներն ու սեփականատերերն անելանելի իրավիճակում են, քանի որ չգիտեն, թե ինչպես են հոգալու իրենց ընտանիքների կարիքները՝ մնալով առանց ապրուստի միջոցի։
Այսպես, 2022-ին Սարգսյանն ունեցել է 1998 թվականի թողարկման OPEL մակնիշի ավտոմեքենա, որի վարորդներին, ի դեպ, քաղաքագլխի հայրն անվանել էր «համբալներ»։
Նույն տարում նրա կանխիկ գումարը 500 հազար դրամից աճել է ու դարձել 2.8 միլիոն դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտը կազմել է ընդամենը 4 միլիոն 470 հազար 97 դրամ։
Ինչ վերաբերում է 2025 թվականին, ապա այդ տարվա հայտարարագիրը բավականին հետաքրքիր է։ Վիրավորական խոսույթով ելույթ ունեցող Սերոբ Սարգսյանն արդեն նախորդ տարի ունեցել է 2016 թվականի թողարկման CHEVROLET մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024-ին 8000 ԱՄՆ դոլարով։
Նա նախորդ տարի ունեցել է նաև հանձնված և վերադարձված փոխառություններ։ Տարվա սկզբում դրանց թիվը կազմել է 27 միլիոն 700 հազար դրամ և 3 միլիոն 128 հազար դրամ։ Տարեվերջում փոփոխվել է միայն 27 միլիոն 700 հազար դրամը՝ դառնալով 27 միլիոն 281 հազար 290 դրամ։
Աճել է նրա կանխիկ գումարի չափը․ տարեսկզբին եղած 4.5 միլիոն դրամը դարձել է 7.5 միլիոն դրամ, իսկ ինչ վերաբերում է հաշվետու տարվա եկամուտներին, ապա նշենք, որ թաղապետն ունեցել է 31 միլիոն 787 հազար 552 դրամ եկամուտ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 միլիոն 531 հազար 835 դրամ։
Ստացվում է, որ թաղապետն ապրելու է իր մեծ եկամուտներով, իսկ օրերս առանց աշխատանքի մնացած տնտեսվարողները պետք է մտածեն, թե ինչպես են կարողանալու գոյատևել։ Միևնույն ժամանակ հատկանշական է, որ 2027 թվականից բարձրացվելու են նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը։










