«Կարո՞ղ է Գևորգ Թամամյանը դառնալ ԱՀԿ ընտրությունների Բարաք Օբաման»․ միջազգային մամուլն անդրադարձել է հայ թեկնածուին


«Կարո՞ղ է Գևորգ Թամամյանը դառնալ ԱՀԿ ընտրությունների Բարաք Օբաման»․ միջազգային մամուլն անդրադարձել է հայ թեկնածուին
Հոկտեմբեր 14 21:38 2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի 2027 թվականի ընտրություններին ընդառաջ միջազգային մամուլի և առողջապահական քաղաքականության վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի թեկնածությունը։

Հոկտեմբերի 13-ին հրապարակված երեք հոդվածներում՝ իսպանական հեղինակավոր EL PAÍS պարբերականում, Հաբիբ Բենզիանի The Global Health Paradox վերլուծական հարթակում և առողջապահական դիվանագիտության փորձագետ Բերնադետ Վարգայի հրապարակման մեջ, անդրադարձ է կատարվել Թամամյանի թեկնածությանը, նրա մասնագիտական գործունեությանը և ԱՀԿ ապագայի վերաբերյալ մոտեցումներին։

«Կարո՞ղ է Թամամյանը դառնալ այս ընտրությունների Օբաման»

«Ո՞վ է ցանկանում անկախ ԱՀԿ» (Who Wants an Independent WHO?) հոդվածում Հաբիբ Բենզիանը Գևորգ Թամամյանի թեկնածությունը դիտարկում է միջազգային կառույցներում նոր առաջնորդության հնարավորությունների համատեքստում։

«Կարո՞ղ է Թամամյանը դառնալ ԱՀԿ այս ընտրությունների Օբամայի կերպարը», հարցադրում է անում հեղինակը՝ զուգահեռ անցկացնելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքական վերելքի և հաստատված կառավարման շրջանակներից դուրս եկող թեկնածուների նկատմամբ ձևավորվող սպասումների միջև։

Նրա դիտարկմամբ՝ նոր թեկնածուները երբեմն հնարավորություն են ստանում ներկայացնելու այն փոփոխությունների ակնկալիքները, որոնք տարբեր խմբեր կապում են հաստատությունների ապագայի հետ։

Հեղինակը Թամամյանին ներկայացնում է որպես Երևանից մանկական ուռուցքաբան, որի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանան, և որն իր մասնագիտական ու հանրային գործունեությամբ տարբերվում է ԱՀԿ ավանդական ղեկավար շրջանակներից։

Բենզիանը միաժամանակ ընդգծում է, որ միջազգային կառույցում իրական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն նոր գաղափարներ, այլև կառավարման և քաղաքական բարդ մեխանիզմների արդյունավետ կիրառման կարողություններ։

Բերնադետ Վարգա․ մանկական քաղցկեղի բուժումը չպետք է լինի միայն հարուստ երկրների արտոնությունը

«Խոցելի խմբերի պաշտպանությունը և ԱՀԿ հաջորդ գլխավոր տնօրենը» (Protecting the Vulnerable and the Next DG) հոդվածում առողջապահական դիվանագիտության վերլուծաբան Բերնադետ Վարգան առանձին բաժին է նվիրել Գևորգ Թամամյանին՝ այն վերնագրելով «Դոկտոր Գևորգ Թամամյան․ Աֆրիկայի մանկական առողջության ջատագովը»։

Վարգան Թամամյանի թեկնածությունը ներկայացնում է որպես ԱՀԿ ավանդական դիվանագիտական շրջանակներից տարբերվող մոտեցում, որի հիմքում կլինիկական բժշկությունն ու սահմանափակ ռեսուրսներով պայմաններում բուժօգնության կազմակերպման փորձն են։

Հոդվածում ընդգծվում է Թամամյանի այն մոտեցումը, որ մանկական քաղցկեղի բուժումը չպետք է դիտարկվի որպես բացառապես բարձր եկամուտ ունեցող երկրների համար հասանելի ծառայություն։

Վերլուծաբանը հատուկ անդրադառնում է նաև Բոտսվանայի կողմից նրա թեկնածության առաջադրմանը, համարելով այն այս ընտրությունների ամենահաշվարկված դիվանագիտական քայլը, ինչպես նաև Սլովենիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Վալենտինա Պրևոլնիկ Ռուպելի՝ Թամամյանի միջազգային խորհրդատվական խորհրդի համանախագահությունը ստանձնելու համաձայնությանը, որը ուժեղացրել է նրա մասնագիտական եւ տեխնիկական կարողությունը։

EL PAÍS․ «Մենք ունենք մեծ նպատակներ, բայց պետք է հասնենք իրական արդյունքների»

Իսպանական հեղինակավոր EL PAÍS պարբերականը հոկտեմբերի 13-ին հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է Բեռլինում կայացած World Health Summit-ի ընթացքում ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածուների քննարկումներին՝ առանձնացնելով նաև Գևորգ Թամամյանի ելույթը։

«Մենք ունենք հիանալի փաստաթղթեր։ Մենք ունենք մեծ նպատակներ։ Գաղափարները լավն են։ Բայց մենք պետք է իրական արդյունքների հասնենք տեղերում», Թամամյանի խոսքն է մեջբերում պարբերականը։

Հոդվածում ներկայացվում է նրա քննադատությունը՝ ուղղված ԱՀԿ ծրագրերի իրականացման և արդյունքների գնահատման միջև առկա բացին։

Թամամյանը, մասնավորապես, առաջարկում է, որ ԱՀԿ գլխավոր տնօրենը և բարձրաստիճան պաշտոնյաները տարեկան կտրվածքով հրապարակայնորեն ներկայացնեն իրենց սահմանած նպատակներն ու դրանց իրականացման արդյունքները։

EL PAÍS-ն անդրադառնում է նաև կազմակերպության նկատմամբ վստահության վերականգնման վերաբերյալ նրա մոտեցմանը։ Թամամյանի խոսքով՝ անհրաժեշտ է լսել այն երկրների մտահոգությունները, որոնք հեռացել են ԱՀԿ-ից, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Արգենտինայի, և փորձել վերականգնել համագործակցությունը։