Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է անձանց: Քննիչի և դատախազի կազմած փաստաթղթերից հետևում է, որ այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է, այս մասին հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ինձ, որպես Արթուրի պաշտպանի, մի հարց է տանջում` ինչպես են որոշել դատախազները և քննիչները, որ հենց Արթուրի գրառումն է ստորացուցիչ, այլ ոչ թե ժամանակին Առուշ Առուշանյանի խոսքերը, ում հետ հիմա Նիկոլը հանգիստ աշխատում է, ոչ էլ Իլխամ Ալիևի խոսքերը, ում հիմա Նիկոլը պաշտում է:
Քրեական վարույթի նյութերում Նիկոլի հարցաքննությունը չկա, նա, ամեն դեպքում, ցուցմունքի տեսքով չի ասել, որ իրեն ստորացված է զգում Արթուրի գրառումներից: Չկա քրեական վարույթի նյութերում նաև ԱԱԾ մի որևէ աշխատակցի կամ ղեկավարի ցուցմունք այն մասին, որ իրենք իրենց արատավորված են զգում Արթուրի գրառումներից: Երևի դատախազությունում կա հատուկ գաղտնի բաժին՝ Նիկոլի ստորացման և ԱԱԾ արատավորման գնահատման վերաբերյալ»,- նշել է Աթանեսյանը։
Փաստաբանն այսօր ներկայացրել է վերաքննիչ բողոք Արթուր Դանիելյանի կալանքի դեմ։
«Դատավորի անձից պարզ կլինի, թե արդյոք նա համակարծիք կլինի ստորացումների և արատավորումների գնահատման ընդհատակյա սանդղակի հետ, թե՝ ոչ»,- հավելել է Աթանեսյանը։










