Ձեր հայերենը որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին


Ձեր հայերենը որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Հոկտեմբեր 6 12:15 2026

«Ձեր հայերենը որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է, ադրբեջանցին գալիս է և մեր հայրենակցին է վնասում, ձեր հայերենի գերազանց իմացությունը ու՞մ է պետք այստեղ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ ՔՊ-ական նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցին, որն ընդգրկված է այսօրվա նիստի օրակարգում, Աննա Գրիգորյանը պահանջեց նշել, թե որոնք են դրա իրավական հիմքերը։

«Ազգային ժողովի օրակարգում ներառված է մի հարց, որը վերաբերում է եկեղեցու ներքին հարցերին: Քննիչ հանձնաժողով եք ձևավորում: Մենք դա համարում ենք հակասահմանադրական և ունենք դրա բոլոր հիմքերը։ Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, և պետությունը չի միջամտում եկեղեցու ու կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։Նա հիշեցրեց՝  կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության 17-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին, ապա ամփոփեց՝ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին և առհասարակ քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել Ազգային ժողովի իրավասության շրջանակներում։

«Ազգային ժողովի ո՞ր իրավասության շրջանակներում է տեղավորվում եկեղեցու ներքին հարցերը քննարկել»,- նշեց Գրիգորյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ անդրադարձավ Գրիգորյանի՝ իր հայերենի իմացության վերաբերյալ դիտարկմանը։

«Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց իմ հայերենը իդեալական չի, մեկ ու մեջ ես էլ եմ սխալներ անում, արտասանության խնդիրներ ունեմ՝ ռ տառը չեմ կարողանում ասել»,- ասաց նա։

Այնուհետև Ռուբինյանը անդրադարձավ քննիչ հանձնաժողովի իրավական կարգավիճակին՝ նշելով, որ այն արդեն ստեղծված է։

«Ինչ վերաբերում է ձեր բուն պնդումներին՝ քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, մենք հիմա չենք քննարկում ստեղծել այն թե ոչ, այն օրենքի ուժով ստեղծված է»,- հայտարարեց Ռուբինյանը։

Ռուբինայնը նաև ընդգծեց՝ ընդդիմությունը կարող է վիճարկել հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերը։

«Ձեր իրավունքն է, կարող եք վիճարկել, բայց ես նայում եմ այսպես, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենք՝ ընդունված Ազգային ժողովի կողմից և կան պատգամավորներ, ովքեր առաջարկել են ստեղծել քննիչ հանձնաժողով»,- նշեց Ռուբինյանը։