«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մարտունի համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է Հովհաննես Հովեյանը և ի՞նչ ունեցվածք ունի։
Հովհաննես Հովեյանը 1995-2000 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում։ 2000-2005 թվականներին աշխատել է Վարդենիկի գյուղապետարանում՝ որպես բաժնի ղեկավար, իսկ 2005 թվականից ղեկավարել է Վարդենիկ համայնքը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հովհաննես Հովեյանը ընտրվել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Նա համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 23-ից։
Ի՞նչ ունեցվածք ունի
Հովհաննես Հովեյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբում նա ունեցել է 6 անշարժ գույք։ Դրանցից մեկը Մարտունիում գտնվող հողամաս է, որը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ նվիրատվության եղանակով։
Մյուս գույքերը գտնվում են Վարդենիկում։ Դրանց թվում են երկու հասարակական նշանակության շինություն և երեք հողամաս, որոնց մի մասը ձեռք է բերվել ժառանգության, իսկ մյուսը՝ համատեղ սեփականության իրավունքով։
2025 թվականին նոր անշարժ գույք Հովեյանը չի ձեռք բերել։ Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ հունիսի 12-ին մեկ համատեղ սեփականությամբ հողամաս օտարվել է՝ 0 դրամ արժեքով։ Տարվա վերջում նրա հայտարարագրում մնացել է 5 անշարժ գույք։
Համայնքապետը հայտարարագրել է նաև 1998 թվականի արտադրության Toyota մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի փետրվարի 15-ին՝ նվիրատվության եղանակով։ 2025 թվականին մեքենա չի ձեռք բերել կամ օտարել։
Դրամական միջոցները
2025 թվականի սկզբում Հովեյանը հայտարարագրել էր 2 մլն 700 հազար դրամ, 8 հազար 500 ԱՄՆ դոլար և 3 մլն ռուբլի կանխիկ դրամական միջոց։
Տարվա վերջում նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 700 հազար դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն 500 հազար ռուբլի։
Հայտարարագրում առանձին նշված է նաև երրորդ անձին պատկանող կանխիկ գումար՝ տարվա սկզբում՝ 2 մլն 700 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն 150 հազար դրամ։
8 մլն 213 հազար 459 դրամ եկամուտ
2025 թվականին Հովհաննես Հովեյանի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 213 հազար 459 դրամ։ Ամբողջ գումարը հայտարարագրում ներկայացված է որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, որոնք ստացել է Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Միաժամանակ 2025 թվականի ավարտին նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 19 մլն 41 հազար 102 դրամ։ Դրանցից մեկ վարկի մնացորդը 4 մլն 200 հազար դրամ է, մյուսինը՝ 14 մլն 841 հազար 102 դրամ։
Հովհաննես Հովեյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










