Գլենդելում 5 հայի են ձերբակալել


Գլենդելում 5 հայի են ձերբակալել
Օգոստոս 15 13:40 2026

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։

Ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը, բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները` գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

Ամերիկացի իրավապահները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ մի շարք հաղորդագրություններ են ստացել, որ կասկածյալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։

Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի 5 բնակիչներ` 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։

Բոլորը տեղափոխվել են ոստիկանության բանտ։

Նշվում է, որ խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նաև այլ անձանց պատկանող անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։