Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:
Պարբերականը հաղորդում է, որ պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։ Ըստ թերթի՝ Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, այդ թվում՝ 21 կորպորացիաներից և 15 անհատներից ու ընտանեկան հիմնադրամներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։
Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամը, որտեղ Սոկոլովը հիմնադիրն ու նախագահն է, անունը ստացել է «Թրամփի ուղուց» (TRIPP), որը 27 մղոնանոց առևտրային միջանցք է, որը տարածվում է Հայաստանի հարավում և Ադրբեջանում: Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։ Լրատվամիջոցը գրում է, որ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը նկարագրել էր որպես «պատմական վերափոխման» մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։
Երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի վերջին ստորագրել էին Tripp-ի տնտեսական և անվտանգության համաձայնագիրը, Միրզոյանը մամուլին ասել էր, որ նրանք «հիմք են դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության համար, որը թույլ կտա հայերին գումար վաստակել և բարգավաճում գտնել, ամերիկացիներին՝ նույնն անել»։
The Guardian-ը գրում է՝ անհասկանալի է, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն օգտվել հիմնադրամից կամ արդյո՞ք նա փոխհատուցում կստանա իր դերի համար։ Նշվում է, որ Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան միացնող մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխային նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է՝ ըստ նրա պաշտոնական կայքի։ Սոկոլովը նաև Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտանում է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև Ցյուրիխում գործող Gotthard Investment AG մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրը, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի վրա։
The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի նմանատիպ ամերիկյան ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:
ԱՄՆ-ն նման 13 հիմնադրամ է ունեցել 1989 թվականից ի վեր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար ուղարկեց՝ Հունգարիայում և Լեհաստանում ներդրումներ կատարելու համար: Երեք տարի անց Կոնգրեսը լիազորեց գործադիր իշխանությանը ստեղծել նոր ձեռնարկատիրական հիմնադրամներ Արևելյան Եվրոպայի ցանկացած պետությունում: Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը ստեղծվել է այս՝ հետխորհրդային օրենսդրության հովանու ներքո։
«Որոշ նշաններ կան, որ Սոկոլովի ֆինանսավորման ֆոնդը կաճի»,- փոխանցում է պարբարեկանը՝ նշելով, որ Պետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինը ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 միլիոն դոլար է ապահովել TRIPP+ հիմնադրամի համար:










