Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան


Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան
Հուլիս 14 13:41 2026

Շատ դժվար է խոսել քաղաքական բռնաճնշումների մասին այն մթնոլորտում և այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրը, յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողն ինքն է լինելու։ Ցավոք, այս իշխանությունը կարողացել է ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Այս մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պագամավոր Էլինար Վարդանյանը:

Նա նշել է, որ բազմիցս արձանագրել են՝ ամբողջն ի սկզբանե արվում էր վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակում հնարավորություն էր ձեռք բերվում մեկուսացնել քաղաքական և հանրային գործիչներին և դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերի։

«Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը՝ Անդրանիկ Թևանյանը: Կալանավորված է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը՝ Ավետիք Չալաբյանը: Տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ եթե մենք թվարկում ենք, տեսնում ենք՝ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման:

Չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որն այսպես տարբեր քրեական, բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է, քրեական հետապնդման է ենթարկվում և այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,-ասել է Վարդանյանը։ 

ԱԺ պատգամավորը թվարկվածներից առանձնացրել է վերջին՝ ԲՀԿ առաջնորդի դեպքը, որը հանգեցրել է նաև հանրային մեծ արձագանքի՝ ելնելով այն միջոցներից կամ մեխանիզմներից, որոնք կիրառվել են իրավապահ մարմինների կողմից: Նա մասնավորապես նշել է 13 ժամ խուզարկություն իրականացնելու, ապա Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հանգամանքը:

«Սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, այլև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործին զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է՝ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում։ 

Սա ինչո՞ւ եմ որպես օրինակ բերում: Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար և որպես պատիժ, որն իրականացվում է իրավապահների կողմից՝ մեկ անձի հրահանգով, որովհետև նախընտրական փուլում նա հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել»,-մանրամասնել է Էլինար Վարդանյանը։