«Փարավոն» համալիրը և «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցը, ինչպե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս ընկերությունները, մեկ շաբաթից ավելի չեն աշխատում իրավապահների պահանջով։
Այսօր բողոքի ակցիա իրականացրեցին հյուրանոցի և համալիրի աշխատակիցները՝ պահանջելով թույլ տալ աշխատել։
«Մենք գտնվում ենք անորոշ վիճակում։ 1000-ից ավելի հաճախորդներ ունենք, զանգահարում են, չգիտենք՝ ինչ պատախախանենք։ Անելանելի վիճակում ենք»,- լրագրողներին ասաց աշխատակիցներից մեկը։
Նա նշեց, որ ռեստորանում հուլիսի 18-ին, դրան հաջորդող օրերին արդեն նախատեսված հարսանիքներ կան. «Մարդիկ զանգում են, հետաքրքրվում՝ ինչ անեն»։
Աշխատակիցները խնդրում են, հորդորում են կառավարությանը՝ գործը, բիզնեսը, մարդկանց աշխատանքը չխառնել որևէ պրոցեսի հետ, ամեն մեկն իր տեղն ունի։
Նրանք խնդրում են կառավարությանը վերանայել իրենց որոշումները, բացել հիմնարկները, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել աշխատել։
«Բացի այն, որ մենք կորցրել ենք մեր աշխատանքը, միջազգային ասպարեզում, տուրիզմի ոլորտում ենք մեծ կորուստներ ունենում։ Հուլիսին 60-ից ավելի խմբեր ունեինք պլանավորած, նաև փառատոն էր նախատեսված, որը Հայաստան էր բերելու 200-ից ավելի հյուրեր, զբոսաշրջիկներ, բոլորը չեղարկվել են»,- ասաց հյուրանոցի աշխատակիցը։
Մանրամասն՝ տեսանյութերում։










