Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված, ավելի ուշ ազատ արձակված Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը չի կայանալու։ Այս մասին գրում է «Արմլուր»-ն ու մանրամասնում, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատ է, և նրան այդ կարգավիճակով դատարան չեն կարող բերել։
Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Միքայել Գարեգինի Մինասյանի օժանդակությամբ կատարել է Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված հանցանքները, այն է` 2026 թվականի մարտի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 15/հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև պաշտոնատար անձի, քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով գործադրել է բռնություն։
Դավիթ Մինասյանի փաստաբանները, ծնողները պնդում են, որ եղբայրները Գ. Գևորգյանին չեն ճանաչել։ Գործը մակագրված է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը, պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով, ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ։ Ապրիլի 14-ին հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։










