Տատս ասում էր, աղջի՛կս, թուրքը ոսկու կճուճ էլ լինի, մեջքիդ մի կապի՝ կծակի. Թագուհի Հովհաննիսյան


Տատս ասում էր, աղջի՛կս, թուրքը ոսկու կճուճ էլ լինի, մեջքիդ մի կապի՝ կծակի. Թագուհի Հովհաննիսյան
Ապրիլ 24 18:32 2026

«Տատիկներս, պապիկներս բոլոր մահացել են թուրքիայից գաղթի ճանապարհին, միայն հայրս է փրկվել, երբ 4 տարեկան էր։ Թուրքիայի Ջիբինից մինչև Հալեպ քայլել են անապատներով։ Տատիկս չի կարողացել երեխաներին վերցնել, հորաքույրս էլ այլ գաղթականների է տվել։ Բայց վերջին տարիներին հորաքրոջս գտավ հայրս»,-Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ Panoarama.am-ին պատմեց սիրիահայ Նազարեթ Մելքոնյանը՝ շարունակելով.

«Կյանքը շարունակվեց Սիրիայում։ Շատ ցավալի է։ տատիկս է պատմում, որ իր ձեռքից վերջին հացն են վերցրել։ Գաղթականներին թուրքերը քարանձավների մոջ էին թողնում, ասելով, թե վաղը կշարունակեն քայլել, բայց գիշերը մուտքը փակում էին, որպեսզի բոլորն այնտեղ մեռնեն»։

Թագուհի Հովհաննիսյանն էլ հիշում է, որ տատը 3 տարեկան որբացել է, մորը և հորը սպանել են, հորաքույրն է իրեն պահել։

«Ողջ չեն մնացել, ոչ եղբայրները, ոչ քույրերը։ Շատ ցավալի պատմություններ կպատմեր տատս։ Երանի ես գրեի իր պատմածները։ Ասում էր՝ աղջիկս, թուրքը ոսկու կճուճ էլ լինի, մեջքիդ մի կապի, կծակի,ոսկի լինի գրպանդ էլ դնես կծակի։ Շատ ցավալի պատմություն էր պատմում։

Դեպի Ծիծեռնակաբեդ քայլելիս ասում էի, նույն այսպես Ցեղասպանության ժամանակ խումբ-խում քայլում եին, շատերը ճանապարհին մահացան, շատերը Դեր Զորում մահացան։ Դեր Զորում Մարգադա գյուղ կա, այնտեղ ձեռքով հողը փորես հայի ոսկորները կերևան»,- պատմեց սիրիահայ կինը։

Նրա ամուսինը՝ Նազարեթ Մելքոնյանը ասում է, որ սիրիական պատերզմի մեկնարկից հետո 2013 թվականից եկել է հայաստան, նախորդ տարի էլ գնացել տունը վաճառել է և վերջնականապես տեղափոխվել Հայաստան։

«Գնացի Սիրիայում տունս վաճառեցի, եկա Հայաստան, որովհետև Սիրիայի ներկայիս ղեկավրը անպետք մարդ է, մեզ մորթողներից  է»,- ասաց Մելքոնյանը։