ՔՊ-ն ընտրացուցակը ներկայացրեց ԿԸՀ. 283 թեկնածու կա այնտեղ


ՔՊ-ն ընտրացուցակը ներկայացրեց ԿԸՀ. 283 թեկնածու կա այնտեղ
Ապրիլ 15 18:40 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արայիկ Հարությունյանը, Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանն Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով ընտրական ցուցակը ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:

Հիշեցնենք, ՔՊ-ն առաջին քաղաքական ուժն է, որ ընտրական ցուցակը ներկայացնում է ԿԸՀ-ին։

«Շնորհակալ ենք, որ հանգիստ օր եք բերել»,-ասաց ՔՊ ներկայացուցիչներին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը։

Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետն Արայիկ Հարությունյանն ասաց՝ ընտրացուցակում ներառված է 283 թեկնածու, մինչ այդ էլեկտրոնային համակարգով պահանջվող փաստաթղթերը ներբեռնել են համակարգ։

«Վստահ եմ, որ խնդիրը կլուծենք, վերջին մեր շփումները հանրության հետ ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

ԿԸՀ հաստատված ժամանակացույցի համաձայն, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը ժամը 18։00-ն։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ից ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը ժամը 24:00-ը։