«Բժշկի ձայն» նախաձեռնության անդամները բժիշկ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ այցելել են «Դավթաշեն» առողջության կենտրոն՝ տեղում ծանոթանալու առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման հետևանքով առաջացած խնդիրներին:
«Մենք շրջում ենք բուժհաստատություններով, փորձում ենք իմանալ, թե բժիշկներն ապահովագրական համակարգի վճարները ստանո՞ւմ են, թե՞ ոչ, ինչ խնդիրներ, բարդություններ ունեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում հասցնենք նախարարությանը՝ խնդիրները շտկեն:
Պոլիկլինիկայից որևէ ահազանգ չի եղել, ուղղակի պատահական ընտրությամբ այցելել ենք, որպեսզի տեսնենք, թե բուժաշխատողներն ինչ դիտարկումներ և նկատառումներ ունեն, ինչ պետք է անեն պետական մարմինները, որպեսզի ապահովագրական համակարգը հարատև գործի և շարունակի սպասարկել մեր բնակիչներին»,- դիմելով բժշկական հաստատության բժիշկներին՝ ասաց Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ համացանցում լուր է տարածվում, որ բժիշկներին նախարարությունից ստիպում են ջնջել իրենց խորհրդատվությունները, դրանց փոխարեն այց ձևակերպել։
«Մեզ բացատրել են, որ եղել են սխալ մուտքագրումներ, չնայած սխալը մեր կողմից չի եղել։ Ես մուտքագրել եմ՝ համակարգն ընդունել է, հաստատել և փոխանցել է գումարը, այդտեղ սխալը պետք է փնտրել համակարգի մեջ։ Մենք ջնջել ենք ոչ թե մեր մասնագիտական խորհրդատվությունները, այլ այն խորհրդատվությունները, որոնց դեպքում մենք աշխատանք չենք կատարել՝ ուղղորդել ենք այլ մասնագետի», - ի պատասխան՝ ասաց բժիշկներից մեկը:
«Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ Գրիգորյանը խոսեց նաև բժիշկների աշխատանքային ծանրաբեռնվածության և ցածր աշխատավարձերի մասին:
«Մենք մտնում ենք բուժաշխատողի մոտ և իմանում ենք, որ այդ մարդը 3 ամիս չի ստացել իր խորհրդատվությունների աշխատավարձը՝ սա խնդիր է։ Ես որպես բժիշկ ասեմ՝ եթե 3 ամիս չվարձատրվեմ, որպես բժիշկ աշխատելու իմ մոտիվացիան կկորի ամբողջապես»,- հայտարարեց նա:










