«Հայաստանում արդեն վաղուց, հատկապես վերջին շրջանում, շատ ավելի ակնհայտ է դարձել, որ սոցիոլոգիան ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման, այլ դրանց վրա ազդելու միջոց և գործիք է»,- «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Ես որևէ հարցման արդյունք չեմ մեկնաբանի, սակայն կարող եմ ասել, որ որոշ մարդիկ արդեն կորցրել են չափի զգացումը՝ նույնիսկ այդ խեղաթյուրված տվյալներն օգտագործելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ լավագույն սոցհարցումը հունիսի 7-ին է։ Մենք ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մեզ ամբողջությամբ բավարարում են այս փուլում առաջ շարժվելու համար։ Մենք շարունակում ենք մեր գործը»,-ասել է Միկոյանը՝ հորդորելով վերջին հարցումների հավաստիությունը ստուգելու համար ուսումնասիրել Երևանի ավագանու ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումները։
Այսօր «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն հրապարակել էր հարցման տվյալներ, համաձայն որոնց, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ընտրողների միայն 5,5%-ն է պատրաստ ձայն տալ «Հայաստան» դաշինքին, ինչը ենթադրում է, որ այս ուժը չի հաղթահարելու խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 8 %-ը։










