Նորապատում վիճաբանության ժամանակ մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն


Նորապատում վիճաբանության ժամանակ մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն
Ապրիլ 6 16:49 2026

Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղի 5-րդ փողոցի 13/1 հասցեի դիմաց մոտ 20 հոգի հարձակվել են դեղատան աշխատակցի վրա։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ն հայտնել է, որ ապրիլի 2-ին ժամը 01։30-ի սահմաններում նշված հասցեում գտնվող դեղատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մոտ 15 հոգով, որոնց ինքը չի ճանաչում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Մ․-ի հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Կարեն Մ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 17-ամյա Ռ․ Մ․-ն և 41-ամյա Միասնիկ Մ․-ն և ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։