Վեր կենալ խավարից, լուսավորվել հավատով և սպասել Հարության լույսով բացահայտվող փառքին․ Տեր Հեթում


Վեր կենալ խավարից, լուսավորվել հավատով և սպասել Հարության լույսով բացահայտվող փառքին․ Տեր Հեթում
Ապրիլ 4 10:51 2026

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է․

 

«Այսօր մեծ պահքի 47-րդ օրն է՝ Ավագ Շաբաթ։ Խաչի լռությունից հետո եկեղեցին մտնում է խորհրդավոր սպասման մեջ․ սա այն օրն է, երբ աշխարհը կարծես շունչը պահած սպասում է՝ ի՞նչ է լինելու մահվան սահմաններից այն կողմ։

 

Մեր խորհրդացության նյութը Եսայու մարգարեության խոսքն է. «Վեր կաց, լուսավորվիր, որովհետև քո լույսը եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քո վրա» (Ես. 60։1)։

 

Ավագ Շաբաթվա խորքում այս խոսքը հնչում է առանձնահատուկ կերպով։ Եթե Ավագ Ուրբաթը խաչի մթությունն էր, ապա Ավագ Շաբաթը՝ լռության մթությունը․ մի լռություն, որը դեռ լույս չի դարձել, բայց արդեն լույսի խոստումն է կրում իր մեջ։ Սա այն սահմանային պահն է, որտեղ մահն այլևս վերջնական չէ, բայց կյանքը դեռ բացահայտված չէ։

 

Եսայի մարգարեն ասում է՝ «վեր կաց»։ Բայց ո՞վ կարող է վեր կենալ, երբ Քրիստոսը գերեզմանում է։ Եվ հենց այստեղ է Ավագ Շաբաթի փիլիսոփայական խորհուրդը․ վեր կենալը սկսվում է ներսում՝ հավատքի մեջ։ Այն տեղի է ունենում այն պահին, երբ մարդը, նույնիսկ չտեսնելով լույսը, արդեն հավատում է նրա գալստյանը։

 

«Խավարը ծածկել է երկիրը» (Ես. 60։2)․ այս խոսքը այսօր առավել իրական է թվում, քան երբևէ։ Սակայն մարգարեն անմիջապես ավելացնում է՝ «բայց քեզ վրա Տերը պիտի ծագի»։ Այս երկակիությունը՝ խավար և սպասվող լույս, հենց Ավագ Շաբաթի սիրտն է։ Սա հույսի փիլիսոփայությունն է՝ լույսի հավատը առանց դեռ լույսը տեսնելու։

 

Ավագ Շաբաթը մեզ սովորեցնում է, որ Աստված գործում է նաև լռության մեջ։ Երբ թվում է, թե ոչինչ չի կատարվում, հենց այդ ժամանակ է կատարվում ամենախորը փոփոխությունը․ մահը ներսից քայքայվում է, և կյանքը պատրաստվում է ծագել։ Գերեզմանը դառնում է ոչ թե ավարտ, այլ անցում։

 

Այսօր մենք կանգնած ենք այդ լռության մեջ, բայց արդեն լսում ենք լույսի շունչը։ Եվ Եսայի մարգարեի կոչը դառնում է մեր ներքին աղոթքը՝ վեր կենալ խավարից, լուսավորվել հավատով և սպասել այն փառքին, որը շուտով պիտի բացահայտվի Հարության լույսով։

 

Թող այս Ավագ Շաբաթը դառնա մեր ներքին վերածննդի պահը, երբ լռության մեջ մենք սովորում ենք ճանաչել Աստծո ներկայությունը և հավատալ, որ նույնիսկ ամենախոր խավարում արդեն ծնվում է լույսը»։