ՀԺԱՄ-ը չի մասնակցի ընտրություններին, բայց կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Հայտարարություն


ՀԺԱՄ-ը չի մասնակցի ընտրություններին, բայց կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Հայտարարություն
Ապրիլ 3 22:40 2026

ՀԺԱՄ-ը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։

Այս մասին  հայտնել է կուսակցության վարչությունը  կոչ անելով համախոհներին ակտիվ մասնակցել ընտրություններին և հավատալ, որ Հայաստանը ունի ուժեղանալու հնարավորություն։

տարածված հայտարարության մեջ ասվում է. «Վերջին տարիներին, մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների և ներքին ապակողմնորոշումների: Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, Հայաստանի Հանրապետությունն հայտնվեց քաղաքական և հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին կազմաքանդելու, պատմական անցյալից հրաժարվելու, պարտության հետ համակերպվելու վտանգավոր քաղաքականություն:
Այն թեզը, որ հրամցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը և սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի և մերժելի դիրքորոշում է:
ՀԺԱՄ կուսակցությունը մշտապես գործել է կոլեկտիվ մտածողությամբ, ընդունել է համագործակցությունը որպես ապրելակերպ, եղել և մնում է պետությանը սատարող դիրքում։ Պետություն, որն իր քաղաքացիների համար պարտավոր է ապահովել բարեկեցիկ, անվտանգ և արժանապատիվ գոյություն: Հետևաբար ընդունելի է այն պետական քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահի, իրատեսության, ուժի և կոլեկտիվ պատասխանատվության վրա։
Մենք վստահ ենք, որ ուժեղ Հայաստան ունենալու համար ապագան պետք է կառուցվի հետևյալ սկզբունքների վրա՝
• ուժեղ և կազմակերպված պետություն,
• խաղաղություն միայն արժանապատիվ և անվտանգ պայմաններով,
• բազմավեկտոր, բայց ինքնիշխան արտաքին քաղաքականություն,
• ուժեղ բանակ և անվտանգության նոր համակարգ,
• ազգային արժանապատվության վերականգնում,
• քրիստոնեական արժեհամակարգի գերակայություն,
• պատասխանատու և մասնագիտական կառավարում։
Այս ընտրական փուլում մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական համակրանքներով, ոչ թե զգացմունքներով և երազանքներով, այլ՝ սթափ բանականությամբ և հարց ենք բարձրացնում․
ո՞վ է առավել ունակ կանգնեցնելու Հայաստանի պարտությունների շղթան, վերականգնելու ազգային ոգին, ուժեղացնելու պետությունը՝ ապահովվելով հանրության բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։
Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը և նրանց քաղաքական բռնաճնշումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և բազմաթիվ արժանապատիվ հայորդիների նկատմամբ՝ ՀԺԱՄ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու և Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն:
Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։
Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդվելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջներդել դեպի հաղթանակ:
Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին և հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։
Այսպիսով՝ ի գործ դեպի ուժեղ Հայաստան»: