Այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը «Արմավիր» ՔԿՀ–ոի մոտ է, իր հետ բերել է Դավիթի բոլոր բժշկական փաստաթղթերը։
Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը լրագրողներին ասաց, որ տղան անաֆիլաքսիայի ռիսկով ալերգիա ունի. «Էդ դեղերը պետք է այստեղ ցույց տամ, որ մարդիկ իմանան։ Ինքը սննդային ալերգիա ունի, անգամ գրեչկա, ոսպ, ձեթ չի կարելի»։
«Ես ասել եմ՝ բալես, խնդրում եմ, հիշիր այն ամբողջ ցանկը, ինչից դու ունես ալերգիա, որովհետև դեղ չունի մոտը։ Մենք ռեցեպտով ինժեկտորները ունենք ալերգիայի, հիմա նոր պետք է այստեղ ներկայացնեմ։ Նոշպայից էլ ալերգիա ունի։
Իմ մտահոգությունը իմ երեխայի առողջությունն է ու իր կյանքն է, այս պայմանները իր առողջության ու կյանքի հետ անհամատեղելի են։ Դրա համար եմ խնդրել ու խնդրում եմ, որ ես կարողանամ ուղղակի հոգ տանեմ, որ իր կյանքին ոչ մի բան չսպառնա»,–ասաց նա։
Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի էր ունեցել միջադեպ, իբր Դավիթ Մինասյանը փորձել էր հարվածել Փաշինյանին։ Փաշինյանի թիկնապահները ցանկացել են ճանապարհ բացել, հրել են երիտասարդին, իսկ վերջինս էլ նշել է, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման են ենթրակել Դավիթին ու եղբորը՝ Միքայելին։
Միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել երկրից չբացակայելը։
ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։










