Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդիր չունի, Դավիթն ունի առողջական այլ խնդիրներ, բայց պայծառ, գիտակ երիտասարդ է, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նա ասաց, որ գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ։
«Երբևէ տեսե՞լ եք՝ 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն, 18 տարեկան երեխային կալանավորեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ փորձել է ձեռքով հարվածել վարչապետին։ Այս միջադեպի գործով անցնում է երեք անձ՝ Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներն ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը: Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։
Աղմկահարույց միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանն ազատ են արձակվել։ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատամամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար:
Հավելենք, որ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է միջադեպը կազմակերպելու համար։ Գևորգյանը, սակայն, հերքել է միջադեպի կազմակերպված լինելն ու հայտնել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։










