Դատարանը քննում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանից մեծ ակնկալիքներ ունի։
«Կարծում եմ, որ միջինչ դատական վարույթի այս փուլում գործը քննող դատավորը բավականին լավ իրավաբան է, և կարծում եմ, շատ կարող է գլխին ընկնել, որ առաջադրված մեղադրանքներից՝ 452-րդ հոդվածով մեղադրանքը, մեղադրանքի անգամ նվազագույն շեմը չի ապահովում և չկա այդպիսին»։
Փաստաբանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպը հանրության շրջանում լարվածություն է առաջացրել։
«Այս երեք օրերի ընթացքում հանրությունը բավականին լարվել է՝ և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներով։ Ստեղծված իրավիճակն ինձ ստիպեց համակ ուշադրությամբ հետևել իրադարձություններին և մեղադրանքներին, որոնք ներկայացվել է Դավիթ Մինասյանին»
Ներկայացված մեղադրանքների մասով փաստաբանը խնդրահարույց համարեց Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը։
«Այս հոդվածը հիմնավոր կասկածի շեմն անգամ չի ապահովում։ 452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում։ Եթե խուլիգանության, այսինքն՝ 297-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքը կա, առաջադրված է, հետևաբար, դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը գոնե՝ առերևույթ։ Հաջորդ հանգամանքը՝ օրենսդիրը շեշտադրում է օրինական ծառայողական և քաղաքական գործունեության մասին։ Հիմա մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցին՝ ենթադրյալ տուժողը, այսինքն՝ վարչապետին պաշտոնը զբաղեցնող անձը, տվյալ դեպքում՝ կիրակի օրով, եկեղեցական տոնին, նույն ժամին, նույն պահին, նույն վայրում, իրականացնո՞ւմ էր արդյոք օրինական ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարույթն իրականացնող մարմինը տար։ Եթե չի տվել, հետևաբար, արջի ծառայությունը մատուցել առնվազն բարձրաստիճան պաշտոնատար անձին»,- ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Իսկ Միքայել Միասյանն այսօր ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի տոնակատարության օրը Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց այցելել Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ տոնական պատարագին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հավատավոր զավակներ։ Փաշինյանի թիկնազորը հրելով պատարագի մասնակիցներին ճանապարհ բացեց վերջինիս համար, ինչը վրդովեցրեց Դավիթ Մինասյանի և նա փորձեց հարվածել Փաշինյանին։ Տեղում ծնոտին թիկնապահի կողմից հարված ստանալուց հետ նրան և եղբորը բերման ենթարկեցին եկեղեցու բակից։










