Այսօր ոչ ոք պատերազմ չի ուզում, պատերազմն ու խաղաղությունը պետք է ձևական խոսքով չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որտեղ ասվել էր՝ սահմանադրական մեծամասնություն չկազմելու դեպքում սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին:
«Խաղաղությունը պետք է ձևական խոսքով չլինի, որ ադրբեջանցիները բարձրունքների վրա նստած թելադրանքով ասեն՝ սա պետք է տաք, սա կատարեք, մեր զորքերը քչանան, զենք չառնենք, իրենք էլ ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա, դա թելադրանք է:
Այսօր եթե հնարավորություն տրվի ու մենք որոշելու լինենք՝ խաղաղությունը պետք է լինի երաշխավորված: 3-4-5 հզոր ու ազդեցիկ պետությունների հետ՝ որպես դաշնակից, փաստաթուղթ ստորագրենք, նույնիսկ ճանճը չի տզզա էդ տարածքով, դա էլ կլինի խաղաղության երաշխավոր: Մենք, փոքր պետություն լինելով, կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական փաստաթուղթ ստորագրելու, հիմնավորելու, որ նույնիսկ ճանճը ռիսկ չանի այդ տարածքով տզզալու»,- նշել է նա:










