«Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում։ Փոփոխությունը սկսվում է», - հավատացնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն Աբովյանում քաղաքացիներին ներկայացրեց տարբեր ոլորտներում իրավիճակը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու ժամանակ և դրանից հետո․
«Երբ ինքը եկել է իշխանության, Հայաստանն Ադրբեջանից երկուսուկես անգամ քիչ զենք ուներ, հիմա 8 անգամ քիչ զենք ունի։ Երբ ինքը եկել է իշխանության, Հայաստանի քաղաքացիներն ընդամենը 5 մլրդ դոլարի վարկ ունեին։ Հիմա 20 մլրդ վարկ ունենք՝ 4 անգամ շատ։
Երկրի ամբողջ բյուջեի աճը․․․, ՀՆԱ-ն, որ ասում են՝ աճել է․ 15 մլրդ միայն ժողովրդի վարկերն են ավելացել, 7 մլրդ էլ պետական պարտքն է ավելացրել»։
Կարապետյանը հավատացրեց՝ տնտեսություն պետք է կառուցել, որ մարդիկ կարողանան վարկերի «տակից դուրս գալ», որ բարձր աշխատավարձով աշխատանք լինի։
«Ինչպե՞ս է ձևավորվում բարձր աշխատավարձը․ երբ այնքան շատ գործի տեղ կա, որ գործատուն է ընկնում քո հետևից, ոչ թե՝ դու։ Եթե շատ աշխատատեղեր են լինում, աշխատավարձի չափն աճում է, վարկերն էսքան ծանր չեն լինում։ Սա է մեր տեսլականը», - նշեց նա՝ դիմելով ներկաներին։










