«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր»,- այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա, կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
«Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Panorama.am-ին ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք՝ դատախազությունից ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էին, որ Երևանում խորթ մայրը մեկ ամսից բռնության է ենթարկել 1 տարեկան տղա երեխային, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է կատարել, որի հետևանքով երեխան մարտի 16-ին կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել։










