18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում․«Սրբազան պայքար»


18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում․«Սրբազան պայքար»
Մարտ 18 20:45 2026

«Սրբազան պայքարը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԱՐԴՅՈ՞Ք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ 18 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Անընդհատ խոսվում է, որ Սրբազան Պայքարի կալանավորված աջակիցներն ազատության մեջ են և կալանավորված է մնում միայն Բագրատ Սրբազանը: Արդյո՞ք դա այդպես է:

Ինֆորգրաֆիկան ցույց է տալիս, թե այս պահին մեղադրյալներից ով ինչ կարգավիճակում է գտնվում:

Այո, կալանավայրում է միայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սակայն ևս 4 անձ գտնվում է տնային կալանքի մեջ, իսկ մյուսները վարչական հսկողության տակ են` տարբեր սահմանափակումներով:

Ի դեպ, մեր օրենսդրության և դատական պրակտիկայի համաձայն՝ տնային կալանքը հանդիսանում է ազատությունից զրկման ձև, որը իր ինտենսիվությամբ համադրելի է կալանավայրում պահելու հետ։ Ուստի, կալանքի օրերի հաշվարկում պետք է ներառվեն ինչպես կալանավայրերում անցկացված, այնպես էլ տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածները։

Մյուս 13-ը, որոնք գտնվում են «գրեթե ազատության մեջ», տարբեր սահմանափակումների ներքո են` վարչական հսկողություն (սարքի միջոցով կամ առանց սարքի), բացակայելու արգելք և այլն:

Սահմանափակումներից մեկը շատ տարօրինակ և աննախադեպ է. դատարանն արգելում է անձանց այցելել մարդաշատ վայրեր: Անհականալի է, թե ինչ է նշանակում «մարդաշատ վայր»: Օրինակ` արդյո՞ք գերբեռնված ավտոբուսը կամ առևտրի կենտրոնը մարդաշատ վայր է:

Նույնիսկ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համար է անհասկանալի ինչ է նշանակում «մարդաշատ վայր», չէ՞ որ իրենք պիտի իրականացնեն խափանման միջոցի պայմանների կատարումը: Դատարանից պարզաբանում են խնդրել այդ հարցով, սակայն դատարանը մի քանի ամիս է չի պատասխանում: Իսկ ինչո՞ւ: 

Բոլորիս համար էլ պարզ է, որ դատարանը «մարդաշատ վայր» ասելով ի նկատի ունի հանրահավաքներն ու ցույցերը: Դե, բնականաբար, չի կարողանում փաստաթղթում այդպիսի ձևակերպում տալ:
Ի դեպ, մեղադրյալները միջնորդել են թույլատրել մասնակցել Պատարագներին և դատարանը թույլատրել է: 

Այսպիսով, 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում:

Իսկ Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է նույնը` կա'մ կալանավայր, կա'մ ամբողջական ազատագրություն, որևէ միջանկյալ միջոց ընդունելի չէ»: