Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ կլինի. Սամվել Կարապետյանի AI ելույթը (Տեսանյութ)


Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ կլինի. Սամվել Կարապետյանի AI ելույթը (Տեսանյութ)
Մարտ 18 17:46 2026

Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ կլինի. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագրի շնորհանդեսին ներկայացված տեսանյութում արհեստական բանականության միջոցով գեներացված ելույթի խոսքում ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Հանրահայտ կանոն է՝ պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահարում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը։ Խաղաղությունը չեն ստեղծում աղերսելով, այն պահում են ուժով»,-նշվեց Կարապետյանի AI ելույթում։

Սամվել Կարապետյանը նշեց, որ հաճախ է մտածում ինչպես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայության տարիքի հասնելը լինի վստահության, այլ ոչ թե վախի պատճառ։

«Մենք մշակել ենք ուժեղ խաղաղության համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ։ Այս ուղղությամբ մեր աշխատանքն ունի երեք հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն և տնտեսական անկախություն։ Հենց այս համակողմանի ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան»,-ասաց նա։

Հայաստանի սահմանները, ըստ նրա, պետք է լինեն ամուր և անխախտ, մշտական հետախուզական կենտրոնները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն կտան սահմանի անառիկ պահմանը, զինվորների պաշտպանությանը։

«Մեր օրոք երկիրը պաշտպանված կլինի բազմաշերտ հակաօդային և հակադրոնային համակարգերով, ուժեղ Հայաստանում զինվորական ծառայության հիմքը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, տեխնոլոգիական հենքով առաջադեմ բանակը։ Զինծառայողի արժանավայել կեցությունը առաջնահերթություն է»,-նշեց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կարապետյանը նշեց, որ Հայաստանը կխոսի աշխարհի հետ վստահ՝ ուժեղի դիրքից. «Արտաքին քաղաքականությունը կլինի պրագմատիկ, հավասարակշռված։ Արևելքի և Արեւմուտքի միջև գործողությունները կլինեն հստակ՝ պահպանելով մեր կարմիր գծերը։ Մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ՝ միաժամանակ խորացնելով հարաբերություններն այլ գերտերությունների և երկրների հետ»,-ասաց նա։

Սամվել Կարապետյանը նշեց, որ իր 30 տարվա բիզնես փորձը սովորեցրել է բանակցել հավասար դիրքերից՝ աշխարհի տարբեր երկրներում։

Ըստ նրա՝ իր թիմն արդեն սփյուռքի ներկայացուցիչների հետ է կապեր հաստատել, և կլինեն ներդրումներ։

«Մենք առաջարկում ենք ուժեղ, մնայուն խաղաղություն։ Պետք է դադարեցնել «խաղաղություն աղերսելու» քաղաքականությունը և անցնել «առաջնայինը՝ Հայաստանը և մեր շահերը» քաղաքականությանը։ Հայաստանը պաշտպանություն չի խնդրի, այն կկառուցի սեփական ուժերով։ Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլևս թույլ չենք լինելու»,-ասաց նա։