«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին


«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին
Մարտ 16 12:57 2026

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել․

«Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։

Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել:

Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։

Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։

Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։

Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։

Հուսով ենք՝ այն կհասնի հասցեատիրոջը»: