Փաշինյանն ազատ անկման մեջ է, ինքնաոչնչացման ուղին է բռնել. իրեն այդ գործում հաջողություն եմ մաղթում. Գառնիկ Դանիելյան


Փաշինյանն ազատ անկման մեջ է, ինքնաոչնչացման ուղին է բռնել. իրեն այդ գործում հաջողություն եմ մաղթում. Գառնիկ Դանիելյան
Մարտ 12 17:14 2026

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում խայտառակում է իրեն էլ, երկրին էլ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում հայտարարեց, թե 2024 թվականի ապրիլին Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը չսկսելու դեպքում Հայաստանը կարող էր հայտնվել արտաքին կառավարման ներքո։ Գառնիկ Դանիելյանի բնորոշմամբ, դա ոչ թե սահմանազատում էր, այլ՝ միակողմանի զիջում։

«Եթե իր խոսքը կոնկրետ վերաբերում է Տավուշի այն հատվածին, որը թշնամուն է նվիրաբերվել, ապա դա ոչ թե սահմանազատում, սահմանագծում է եղել, այլ միակողմանի զիջում։

Արդեն անցել է երկու տարի, ադրբեջանական կողմը դրանից հետո մի սանտիմետր հող Հայաստանին չի զիջել, չի տվել։ Ընդհակառակը, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք հիմա գտնվում են իր տիրապետության տակ, հույս չունենանք, որ հետ են տալու։ Այսինքն՝ Փաշինյանը միակողմանի զիջումը ներկայացնում է որպես սահմանազատում, սահմանագծում, որը, մեղմ ասած, սուտ է»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ ադրբեջանական կողմը շարունակում է վերահսկողություն պահպանել Հայաստանի մի շարք տարածքների նկատմամբ։

«Թշնամին օկուպացրել է Ջերմուկը, Տավուշի այլ տարածքները, և ինքն այդ զիջումներն ու պարտությունները ներկայացնում է որպես փառավոր հաղթանակ։ Ես չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ ձև ներկայացնեմ, որ մեր ժողովուրդն ավելի լավ հասկանա, թե ինչ է կատարվել։ Վերջերս Ալիևը հայտարարեց, որ հայերը միշտ պիտի ապրեն վախի և սարսափի մթնոլորտում, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրականացնում է հենց այն ծրագիրը, ինչն իր գործընկեր Ալիևն Ադրբեջանից հայտարարում է»։

Փաշինյանը հայտարարել էր նաև, թե «մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ, արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը»։

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Գառնիկ Դանիելյանն ասաց.

«Այո, ապօրինի սահմանազատման ու սահմանագծման դեմ մենք պայքար ենք տարել Սրբազանի առաջնորդությամբ, ու Սրբազանը որևէ ամաչելու բան չունի։ Մարդն արել է այն ամենը, ինչն իրենից կախված է եղել»։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը տարիներ շարունակ է տևում, մինչդեռ Տավուշում որոշումները կայացվել են կարճ ժամանակում։

«Հայաստան-Վրաստան սահմանազատումն ու սահմանագծումն արդեն 30 տարի է՝ ընթանում է։ Իսկ այն, ինչ ասում է Փաշինյանը, ընդամենը երկու շաբաթվա մեջ իրականացրած օպերացիա էր, որով ստրատեգիական նշանակության դիրքերը, ջրային ակունքները, մարդկանց մշակած այգիները, ռազմավարական դիրքերը՝ այդ բոլորը հանձնվեց թշնամուն։

Եթե խոսեք այն մարդկանց հետ, որոնք զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և այլն, նրանք ուղղակի խայտառակ վիճակում են»,- նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ Կիրանցի հատվածում տեղի ունեցած փոփոխություններն ազդել են նաև քաղաքացիների սեփականության իրավունքների վրա։

«Կիրանցի այդ տարածքները տալուց հետո Հայաստանի կադաստրային քարտեզը փոխվել է։ Մարդիկ 100-ից ավելի կադաստրի վկայականներ ունեն, որ իմ մոտ է։ Հիմա այդ մարդը մոռացե՞լ է, որ գնացել էր Տավուշ, ասում էր՝ ձեռքս կկտրեմ, ստեղից մի սանտիմետր հող չեմ տա։ Գործ ունենք երեսպաշտ, խաբեբա, սուտասան մարդու հետ, որ ամեն ինչ կարող է հայտարարել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքները զիջվել են, և հիմա այդտեղ ադրբեջանական դրոշներ են դրվել»։

Անդրադառնալով նաև վարչապետի այն հայտարարությանը, թե որոշ շրջանակներ փորձում են ձևավորել «պատերազմի կուսակցություն»՝ Դանիելյանն ասաց․

«Ի՞նչն է «պատերազմի կուսակցություն»։ Պատերազմն էլ, արհավիրքն էլ, դժբախտությունն էլ բերել է այդ մարդը։ Ու նա ամեն օր մեզ խայտառակ է անում տարբեր հարթակներում։ Ես արդեն ամաչում եմ, որ իր ելույթները տեսնում եմ միջազգային հարթակներում, ու ինձ հետ շփվող շատ ադեկվատ քաղաքացիներ ուղղակի ամաչում են։

Ինքն ազատ անկման մեջ է, անընդհատ խայտառակվելով գնում է։ Ես իրեն այդ գործում հաջողություն եմ մաղթում։ Քննադատություն պետք չէ, որովհետև ինքն ամեն ինչ անում է, որ իրեն ոչնչացնի։ Ինքնաոչնչացման ուղին է բռնել, ես հաջողություն եմ մաղթում այդ մարդուն»։