Դժվար է պատկերացնել ազատ ընտրություններ, երբ գլխավոր ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանը բանտում է խոսքի համար․ Սառա Ուիթսոն


Դժվար է պատկերացնել ազատ ընտրություններ, երբ գլխավոր ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանը բանտում է խոսքի համար․ Սառա Ուիթսոն
Մարտ 12 16:50 2026

Ընտրությունները տեղի են ունենում քաղաքական և իրավական միջավայրում՝ կառավարական պաշտոնյաների անհարկի ճնշման և միջամտության պայմաններում. «Ժողովրդավարական պայմանները ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով IODA-ի ասուլիսին հայտարարեց Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Ուիթսոնը։

Նրա խոսքով՝ քաղաքական, կրոնական, դատական և լրատվական ինստիտուտները պետք է լինեն անկախ, սակայն վերջին շաբաթների ընթացքում ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում այս ոլորտների գործունեությանը։

Սառա Ուիթսոնն առանձնացրեց քաղաքական և կրոնական ոլորտի ընդդիմադիր գործիչների, ըստ նրա, մոտիվացված ձերբակալությունները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոսների։

«Այս անձանց ձերբակալությունները և այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալություններն իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով՝ օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր և հրապարակայնորեն ցուցադրելով չափազանց մեծ ուժի կիրառություն»,- ասաց նա։

Ուիթսոնը նշեց, որ իրենց հատկապես մտահոգում է նախնական կալանքի չափազանց երկար ժամկետներով կիրառումը՝ մարդկանց մեղադրելով քաղաքական բնույթի իրավախախտումների մեջ և նրանց պահելով բանտում կամ տնային կալանքի տակ։

«Շատ դժվար է պատկերացնել, որ կարող են լինել ազատ ընտրություններ, երբ այս պահին ամենահայտնի քաղաքական կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ազատազրկված է խոսքի համար և մնում է անազատության մեջ։ Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի և նրա ժողովրդավարության առումով»,- ընդգծեց նա։

Բացի այդ, Human Rights Watch-ի նախկին տնօրենը նշեց, որ մտահոգություններ ունեն նաև դատական անկախության միջամտության հարցում։

«Լուրջ խնդիր է, երբ ԲԴԽ-ի միջոցով արագացված կարգով պաշտոնից հեռացվում են դատավորներ՝ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող հիմքերով, ինչպես նաև նկատվում է նշանակումների սուբյեկտիվություն՝ հատկապես խոսքի հետ կապված գործերը քննելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկվող որոշ նորմեր փաստացի սահմանափակում են ազատ խոսքը։

Ուիթսոնը նաև կոչ արեց իշխանություններին քաղաքական հակառակորդներին չթիրախավորել խոսքի հետ կապված աղոտ դրույթների հիման վրա․

«Մենք հիշեցնում ենք պաշտոնյաներին, որ զրպարտության հոդվածները չպետք է հիմք դառնան, որպեսզի քաղաքական գործիչները հայտնվեն անհիմն հետապնդումների դաշտում»։

Ըստ նրա՝ իշխանությունները հաճախ փորձում են այս ամենը հիմնավորել օտարերկրյա միջամտության մասին պնդումներով։

«Գրեթե բոլորը մեղադրվել են այն բանում, թե իբր գործում են օտարերկրյա միջամտության ներքո, նույնիսկ՝ օտարերկրյա անվտանգության ծառայությունների գործակալ լինելու մեջ, և այդ պնդումները հիմնականում ուղղվում են Ռուսաստանի դեմ։ Սակայն պետք է նշեմ, որ մենք որևէ ապացույց չենք տեսել Հայաստանում արտաքաղաքական սուբյեկտների կողմից նման քաղաքական միջամտության, մանիպուլյացիայի կամ վերահսկողության վերաբերյալ։ Խորհուրդ ենք տալիս նման մեղադրանքներ չհնչեցնել հանրային դաշտում՝ առանց փաստացի ապացույցների»,- եզրափակեց նա։