Նրանք, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք չպետք է ունենան․ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե աշխատանքից ազատել է ՊՆ աշխատակից այն ծնողներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացիներ են։
«Մենք սա պետք է անենք օրենսդրական կարգավորումով, որ ինքնաշխատ լինի»,- ասաց նա։
Լրագրողը նկատեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով է բանակից ազատվել, նաև հարցրեց, թե Փաշինյանը կհանձնարարի՞ իրավապահներին քննել այն հանգամանքը, որ ժամանակին ՀԺ-ի տրանսպորտային թղթակից իսկ այսօր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից, որովհետև որդին ֆուտբոլիստ է․ շահերի բախում կա։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, թե լրագրողի այս հայտարարությունները ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քննեն։










