Այո՛, ուժեղ Հայաստանը՝ արդար Հայաստանն է. Գոհար Մելոյան


Այո՛, ուժեղ Հայաստանը՝ արդար Հայաստանն է. Գոհար Մելոյան
Մարտ 12 00:02 2026

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան տեսանյութում ասում է.

«Դատական իշխանությունն արդա՞ր է արդյոք։ Ասում են՝ այո՛։ Բայց ովքեր են ասում։ Մասնավորապես մեր հանրությունը, ըստ Կովկասյան բարոմետրի, լրիվ այլ պատկերացումներ ունի։ Մեր ազգաբնակչության 52 %-ը ընդհանրապես չի հավատում դատական իշխանությանը։ Ավելին 71 %-ը գտնում է, որ դատական ակտերը նախնական շահադիտական նկատառումներով կազմում են ի օգուտ ինչ-որ մի կողմի։

Այսօրվա իշխանությունն արդեն 9 ամիս է ինչ կռիվ է տալիս պարոն Կարապետյանի ազատության հետևանքների հետ՝ զուգահեռաբար ասելով. «Իսկ ինչո՞ւ չի խոսում»։

Իսկ ինչո՞ւ եք վախենում որ  նա խոսի։

Ավելին՝ անդրադառնանք դատական իշխանության հետ կապված հարցումներին։ Ի տարբերություն իրենց սոցիոլոգիական տեսանկյունից կասկածելի հարցադրմամբ  հարցումների արդյունքների, Մարդու իրավունքների հիմնադրամի կողմից  կատարած վերլուծությունների արդյունքում բավականին ուշագրավ արձանագրումներ է իրականացվել ՀՀ-ում դատական իշխանության գործունեության վերաբերյալ։

Արդարադատություն- դատական իշխանություն

 1. Կալանքի մասին ինչ են ասում։ Ասում են, որ քաղաքական  գործերով ընդդիմախոսների նկատմամբ նախնական խափանման միջոցը՝ կալանքը, որը խափանման միջոցներից ամենածանրն է, մշտապես օգտագործվում է, որպես պատժիչ միջոց։

2. Բարձրագույն դատական խորհուրդ

Սահմանադրական մարմին, որը կոչված է ապահովելու երաշխավորելու դատավորների անկախությունը։ Ինչի է վերածվել ԲԴԽ-ն՝ դատավորների «վահանից» վերածվել է դատավորների «մահակ»-ի, որը կատարում է գործող իշխանության քաղաքական հրահանգները։ Այն դատավորները, որոնք ունեն քաջություն, ազնվություն, հավատարիմ են իրենց խղճին, համոզմունքներին և օրենքներին հայտնվում են մեղադրյալի կարգավիճակում և դադարեցվում կամ սառեցվում են նման դատավորների լիազորությունները։

3. Օրենսդրական փոփոխություններ.

Կրկին ըստ վերլուծության, օրենսդրական փոփոխություններով միջամտություն է կատարվում արդարադատությանը, ընդհուպ մինչև խախտելով զսպումների և հակակշիռների մեխանիզմը։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը և ՆԵԿՈ-ն կտրուկ կարծիք ու դիրքորոշում են արտահայտնել այն մեխանիզմի վերաբերյալ, համաձայն, որի Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով արդարադատության նախարարին տրվել է իրավասություն հարուցելու վարույթներ դատավորների նկատմամբ, որոնց արդյունքում դատավորների լիազորությունները դադարեցվում են։

 Ուժեղ Հայաստանում մարդու հետ կապված դատական գործերը տարբերակված չեն քննվելու՝ պայմանավորված տվյալ անձի քաղաքական հայացքներով։ Մարդն ազատ է լինելու ունենալու քաղաքական հայացքներ, ընդդիմախոսելու և իրացնելու իր քաղաքական ընդդիմադիր հայացքները։

Այո՛, ուժեղ Հայաստանը՝ արդար Հայաստանն է»։